Վարդանյան․ Անտարբերությունը նշանակում է լուռ համաձայնություն նրան, ինչ անում է ՀՀ իշխանությունը

Վարդանյան․ Անտարբերությունը նշանակում է լուռ համաձայնություն նրան, ինչ անում է ՀՀ իշխանությունը

PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանի որևէ իշխանություն իրավասու չէ ԱՀ ճակատագրին վերաբերող որոշումներ կայացնել՝ առանց արցախահայության ու համայն հայության:

Նշելով, որ ոչ մի հայ իրավունք չունի անտարբեր մնալ՝ Վարդանյանը նշել է, որ անտարբերությունը նշանակում է լուռ համաձայնություն նրան, ինչ անում են Հայաստանի իշխանությունները։ Նա կոչ է արել միանալ գործող նախաձեռնություններին։

«Արցախի հարցը համայն հայության հարցն է: Հայաստանի որևէ իշխանություն իրավասու չէ Արցախի ճակատագրին վերաբերող որոշումներ կայացնել՝ առանց արցախահայության ու համայն հայության: Այդ մասին միայն ես չեմ ասում: Այդ մասին են վկայում Հայաստանի, Արցախի և Հայկական աշխարհի տարբեր կազմակերպությունների ու անհատների, մեր եկեղեցու, և՛ Գերագույն Հոգևոր Խորհրդի, և՛ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից արվող հայտարարությունները, որոնք դատապարտում են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները և նրանց պարտվողական քաղաքականությունը:

Այս ընթացքում մեկնարկել են նաև մի շարք նախաձեռնություններ, որոնց շարքում են, օրինակ, «Հայաքվե» շարժումը՝ նպատակ ունենալով հասնել նրան, որ Հայաստանի անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչողները պատասխանատվության ենթարկվեն: Վերջերս տեղեկացա #բաբոնտերա կանանց նախաձեռնության մասին, որի անդամներն իրենց պատասխանատու են զգում ու պատրաստ են ամեն ինչ անել հանուն Արցախի: Այդ նպատակով է ստեղծվել նաև «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը:

Բոլոր նրանց, ովքեր չեն ուզում տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում, ովքեր ուզում են, որ Արցախը մնա հայկական, ազատ, անվտանգ ու երջանիկ, կոչ եմ անում միանալ այս նախաձեռնություններին: Արցախում վստահաբար ժողովրդի ճնշող մեծամասնությունը ձեր աջակցությանն է սպասում:

Մենք համոզված ենք, որ այս իրավիճակում ոչ մի հայ, անկախ նրանից՝ աշխարհի որ ծայրում է ապրում, իրավունք չունի անտարբեր մնալ: Անտարբերությունը նշանակում է լուռ համաձայնություն տալ նրան, ինչ անում են Հայաստանի իշխանությունները: Կա՛մ մենք ոտքի ենք կանգնում բոլորս ու միասին թույլ չենք տալիս հայկական Արցախի կորուստը, կա՛մ հարմարվում ենք ու դառնում այն սերունդը, որն ամոթալի ժառանգություն է թողնելու հայության հետագա սերունդներին:

Ամեն ինչ դեռ կորսված չէ, ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք միասին պետք է փորձենք անել հնարավորն ու անհնարինը՝ կասեցնելու համար այս ամոթալի ընթացքը: Ու մենք գնալու ենք մինչև վերջ՝ դա թույլ չտալու համար»,-ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---