ՀՀ–ից գրքերի մեջ փորձել են մեթամֆետամին ուղարկել Ավստրալիա

ՀՀ–ից գրքերի մեջ փորձել են մեթամֆետամին ուղարկել Ավստրալիա

PanARMENIAN.Net - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի արտահանման մաքսանենգության դեպք են կանխել։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկատվությունը, օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին ենթարկել են մաքսային հսկողության: Առաքանու զննման արդյունքում, ի թիվս այլ ապրանքների, հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի զանգվածով լցված կազմերով պատրաստված 2 գիրք, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1․5 կգ:

Նշված զանգվածի հայտնաբերման փաստով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, տեղեկություններ էին ստացվել, որ հիշյալ առաքանու ուղարկող է հանդիսանում ԻԻՀ քաղաքացի Է․Բ-ն: Քաղաքացին հայտնաբերվել և ձերբակալվել է, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։

Փաստի առթիվ կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերված առարկաները, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել են քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով։

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ վերոնշյալ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---