«Կուկուռուզնիկի» վերականգնման նախագիծ կա` նույնությամբ ու նույն վայրում

«Կուկուռուզնիկի» վերականգնման նախագիծ կա` նույնությամբ ու նույն վայրում

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին Բաղրամյան 6 հասցեում ներկայացվել է Երիտասարդության պալատի՝ «Կուկուռուզնիկի» վերականգնման նախագիծը։

Երիտասարդության պալատը («Կուկուռուզնիկ») վերականգնվում է «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագծի շրջանակում։ Նախագծի հիմնադիրներն ու միջոցառման նախաձեռնողներ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Արթուր Թարխանյան ՀԿ»-ն հայտարարել են՝ կառույցը կվերականգնվի նույնությամբ ու նույն վայրում։

«1970 թվականին կառուցված և 2006 թվականին քանդված Երիտասարդության պալատը ոչ միայն Երևանի գույնն ու հոգին էր, այլև՝ ճարտարապետական եզակի նմուշ, իր ժամանակի մոդերնիզմի լավագույն օրինակներից մեկը։ Տարիներ անց Պալատը նույնությամբ, բայց ավելի ժամանակակից ու նոր սերնդի երիտասարդների պահանջներին համապատասխան հայեցակարգով կվերադարձվի Երևանին։ Դրա հետ մեկտեղ երևանցուն կվերդարձվի իր արժեքավոր ժառանգությունն ու խոցված արժանապատվությունը,- նշել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Նա հավելել է, որ Երիտասարդության պալատը վերադառնում է Երևան, ասել է թե՝ երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն, նվիրական հուշերը. ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն ամուսնացել են, եղել են մարդիկ, ովքեր այստեղ լողի են գնացել, եղել են մարդիկ, որոնք առաջին անգամ ռոք են լսել այստեղ։

Ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ Պալատը կկառուցվի ոչ միայն ներդրողների, այլև հենց երիտասարդների ջանքերով. նախատեսվում է հիմնել բաց բաժնետիրական ընկերություն, որպեսզի բոլորը կարողանան իրենց լուման ունենալ Կուկուռուզնիկի վերածննդի գործընթացում։

Անահիտ Թարխանյանի հավաստմամբ՝ Երիտասարդության պալատը լինելու է Հայաստանում ու Հայաստանից դուրս ապրող երիտասարդների համահայկական կենտրոն, շփման, մտքերի փոխանակման, գիտության ու արվեստի միջոցառումների, երիտասարդ մտքի ազատ արտահայտման յուրահատուկ հարթակ։

«Մենք բոլորս անհամբերությամբ սպասում ենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, երևանցիների աչքի առջև հարկ-հարկ կբարձրանա Երիտասարդության պալատը։ Այն մեր Երևանի խորհրդանիշ էր, կոթող, որն իր լակոնիկ ու մոնումենտալ ձևերով երիտասարդներին ու քաղաքին ազատության գաղափարն էր բերում։ Հենց այդ գաղափարների ներքո էլ «Կուկուռուզնիկը» պետք է վերակառուցվի»,-ասել է նա։

Մանե Թանդիլյանն ու Անահիտ Թարխանյանը հանգամանալից պատասխանել են ներկաների հարցերին ու հորդորել առաջարկություններով անպայման մասնակիցը լինել Պալատի հայեցակարգի մշակման գործին։

Ինչպես նշել է Մանե Թանդիլյանը՝ նախագիծը կվերջնականացվի առաջիկա ամիսների ընթացքում, որից հետո արդեն կսկսվի հողատարածքի հետվերադարձի գործընթացը։

«Ապրելու երկիր» կուսակցությանն ու «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ-ն շուրջ մեկ ամիս առաջ համագործակցության հուշագիր էին կնքել, մեկնարկել «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագիծը։ Ինչպես Երիտասարդության պալատի վերականգնումը, այնպես էլ մի շարք այլ կարևոր ու մասշտաբային ծրագրեր իրականացվելու են հենց այդ նախագծի շրջանակում։ Նախագծին աջակցում է «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---