8 հունիսի 2023 - 12:27 AMT
ԵՄ-ն՝ Բայրամովին․ Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ է և բացասական հումանիտար ազդեցություն ունի

ԵՄ պատվիրակությունն արձագանքել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ելույթին՝ նշելով, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ է և բացասական հումանիտար ազդեցություն ունի։ Հայտարարությունը հրապարակվել է ԵԱՀԿ կայքում։

ԵՄ-ն նաև հորդորել է Ադրբեջանին դրական օրակարգ ձևավորել, որը կապահովի ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։

«Ներկա իրավիճակը մտահոգություն է առաջացնում և բացասական հումանիտար հետևանքներ ունի, քանի որ ազգությամբ հայ բնակչության էներգամատակարարման և կոմունիկացիոն ծառայությունների խափանումներ կան, իսկ հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումների մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում նրանց բարեկեցության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանին կոչ է արվում վերացնել սահմանափակումները։

«Մենք կոչ ենք անում Բաքվին կոնկրետ քայլեր ձեռնարկել վերացնելու համար հայ էթնիկ բնակչության հանդեպ սահմանափակումները՝ ապահովելով էներգիայի կայուն մատակարարումը և թույլ տալով իրականացնել էլեկտրացանցի տեխնիկական սպասարկումը։ Մենք կոչ ենք անում նաև բոլոր կողմերին զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից և առաջ տանել վստահություն ձևավորող և խաղաղ բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծող շարադրանքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ հարկավոր է հետագա միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ, հատկապես կալանավորվածներիn ազատելու առումով։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում հայտարարել էր, թե «Հայաստանը շարունակում է պահպանել իր ռազմական ներկայությունն Ադրբեջանի տարածքում, հետևողականորեն միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին, խոչընդոտում է Ադրբեջանի իշխանությունների երկխոսությանը Ղարաբաղի շրջանի հայկական ծագմամբ բնակիչների հետ և վարկաբեկման արշավ է տանում միջազգային մակարդակում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում»։