Փաշինյան․ ՀՀ-ն կարող է էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց դառնալ

Փաշինյան․ ՀՀ-ն կարող է էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց դառնալ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում Եվրասիական երրորդ կոնգրեսի պանելային քննարկման շրջանակում ունեցած ելույթում հայտարարել է, որ Հայաստանը կարող է էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց դառնալ։

Նա նշել է, որ, ելնելով ներկա աշխարհաքաղաքական իրողություններից, անհրաժեշտ է էներգետիկ օրակարգի նոր մոտեցում։

Վարչապետը հավելել է, որ ներկայումս Հայաստանում ակտիվ աշխատանք է տարվում էլեկտրաէներգիայի շուկայի աստիճանական ազատականացման ուղղությամբ, ինչը նոր հնարավորություններ և բարենպաստ պայմաններ է ստեղծում էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի համար։

«Մենք զարգացնում ենք արտադրական հզորությունները, իրականացնում ենք ենթակայանների և էլեկտրահաղորդման գծերի լայնածավալ վերակառուցում, Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծերի կառուցում, որոնք նպաստում են «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ հաղորդակցության ձևավորմանը և նոր հնարավորություններ ստեղծում էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման կամ սեզոնային փոխանակման ավելացման համար։ Այսպիսով, Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի յուրօրինակ տարածաշրջանային հանգույց։

Նաև սկզբունքորեն կարևոր է շարունակել աշխատանքը ածխածնային չեզոքության հասնելու և կանաչ օրակարգով շարժվելու ուղղությամբ: Կանաչ տնտեսությունն այլընտրանք է գերիշխող տնտեսական մոդելի, որն առաջացնում է ռեսուրսների սակավություն և վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար: Պատահական չէ, որ այդ հարցերը հաստատապես ներառված են ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական օրակարգում։

Հայաստանի կանաչ էներգետիկայի քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է ջերմոցային գազերի արտանետումների ապաածխածնացմանն ու սահմանափակմանը, էներգիայի արտադրության համար վերականգնվող և այլընտրանքային աղբյուրների օգտագործման զարգացմանը, էներգաարդյունավետ և ռեսուրս խնայող տեխնոլոգիաների ներդրմանը, գիտատար նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև գլոբալ կլիմայական օրակարգում երկրների միջազգային պարտավորությունների կատարմանը»,-ասել է Փաշինյանը։

Նա քննարկման հետաքրքիր թեմա է համարել նաև վերականգնվող էներգիայի ներուժի զարգացումն ու առավելագույն օգտագործումը։ Վերականգնվող էներգիայի աղբյուրները, ինչպիսիք են` արևային, քամու և հիդրոէներգիան հսկայական ներուժ ունեն՝ տնտեսական աճը և տարածաշրջանի կայուն զարգացումը խթանելու համատեքստում: Նա նշել է, որ ներդրումներ կատարելով վերականգնվող էներգիայի մեջ՝ կարելի է նպաստել կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերին:

«Բացի վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումից, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև միջուկային էներգիային, որը մաքուր, ապաածխածնացված էներգիա է։ Ատոմային էներգետիկայի զարգացումը կարևոր է նաև Միության երկրների էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման տեսանկյունից։ Այդ նպատակով մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել միջուկային էներգիայի հեռանկարային օգտագործման ուղղությամբ՝ երկարացնելով Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի նախագծային ժամկետը և աշխատանքներ տանելով նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ»,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ 2022-ին Հայաստանի տնտեսությունը գրանցել է տպավորիչ տնտեսական աճ, ՀՆԱ-ի աճը 2021 թվականի համեմատ կազմել է 12․6 տոկոս, որն ամենաբարձր ցուցանիշն է 2008 թվականից ի վեր։

«Դրան նպաստել է նաև արդյունաբերության, առևտրի, այդ թվում՝ առևտրային ծառայությունների և շինարարության ոլորտների աճը։ Արտահանման աճը նախորդ տարում կազմել է 77․7 տոկոս, իսկ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է գրեթե 3 անգամ։ Սակայն նշեմ, որ մեզ համար սա հնարավոր առավելագույնը չէ»,-ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ Եվրասիան տնտեսական աճի հսկայական ներուժ ունի, և մենք պետք է համատեղ խոշոր նախագծեր իրականացնենք էներգետիկայի, թվայնացման, լոգիստիկայի, կլիմայական օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Նա նշել է նաև, որ ԵԱՏՄ երկրների ազգային տնտեսությունների զարգացման կարևորագույն գործոններից է լոգիստիկ անվտանգության ապահովումը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---