12 հունիսի 2023 - 16:22 AMT
Փաստաբան․ Ազատի զինկացարանում իրականացված գործողության արդյունքները նոր հարցեր են առաջացրել

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողի գործով հունիսի 11-ին դեպքի վայրում տեղի է ունեցել կարևորագույն քննչական գործողություն, որին մասնակցել են ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության համապատասխան աշխատակիցները, ինչպես նաև զոհված զինծառայողների ծնողները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։

Նա նշել է, որ իրականացված գործողության արդյունքները նոր հարցեր են առաջացրել պատասխանների փոխարեն։

«Բնականաբար, ձեռնպահ մնալով քննչական գործողության մանրամասները հրապարակելուց, հարկ եմ համարում արձանագրել, որ իրականացված գործողության արդյունքները նոր հարցեր են առաջացրել պատասխանների փոխարեն, որոշակի առևերևույթ հակասության մեջ են գտնվում քրեական վարույթի ընթացքում իրականացված այլ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հետ։

Հարկ ենք համարում մեկ անգամ ևս ընդգծել, որ եթե այս գործով պետք է պատասխան տան «Սլաքավարները», իսկ հիմնական պատասխանատուները խուսափեն պատժից, մենք գործ կունենանք հերթական ներկայացման հետ, որը հերթական անգամ կջարդի մեր ժողովրդին բարոյապես ու հոգեպես։

Այս գործում պատասխանատուների շղթան ավելի մեծ է, ուստի բոլորը պետք է իրենց չափով պատասխան տան իրենց արարքների համար։

Մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում ենք, որ տուժողները չեն հավատում պաշտոնական վարկածին, ունեն խորն անվստահություն, չեն բացառում ցանկացած այլ վարկած, այդ թվում՝ իրենց երեխաներին դիտավորյալ կյանքից զրկելու վարկածը, չենք բացառում նաև, որ հրդեհն իրականում արվել է՝ ինչ-որ հետքեր թաքցնելու վերացնելու և այս ողբերգության իրական հանգամանքները պարզելուց հանրության ուշադրությունը շեղելը իրական հանցագործության հետքից»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ զոհված զինծառայողների ծնողները հետամուտ են լինելու մինչև վերջ՝ այս մեծագույն հանցագործության իրական հանգամանքները բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3 անձ հոսպիտալացվել է, որոնցից մեկը սպա է։

Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ՝ այդ թվում պաշտոնից ազատվել է ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը։ Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ որ ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է նախաձեռնել ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ։