12 հունիսի 2023 - 17:20 AMT
ՀՀ-ն և Հնդկաստանը կգործակցեն թվային լուծումների ոլորտում․ Հուշագիր կա

ՀՀ-ն և Հնդկաստանը կգործակցեն թվային լուծումների ոլորտում։ Կողմերը հուշագիր են ստորագրել «Գլոբալ թվային հանրային ենթակառուցվածք գագաթնաժողովի» շրջանակում, որին Հնդկաստանի Պունի քաղաքում մասնակցում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հնդկաստանի Հանրապետության էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիայի նախարարության գլխավոր քարտուղար Ալկեշ Կումար Շարման:

«Թվային փոխակերպումների համար բնակչության մասշտաբով իրականացված հաջող թվային լուծումների փոխադարձ տրամադրման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրով կողմերն արտահայտում են իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը երկու երկրների միջև ինստիտուցիոնալ համագործակցության խթանման, տեխնիկատնտեսական հիմնավորման, արդիականացման գնահատման և թվային փոխակերպման լուծումների իրականացման ոլորտներում:

Գագաթնաժողովի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպումներ կունենա Հնդկաստանի պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, քննարկումներ կլինեն միջոցառմանը ներկա տարբեր պետությունների մասնակիցների միջև:

«G20»-ում Հնդկաստանի նախագահության տարում Գագաթնաժողովը մի հարկի տակ է հավաքվել «G20»-ի անդամներին, հրավիրված երկրների, միջազգային կազմակերպությունների հայտնի փորձագետների, քաղաքականություն մշակողների և պրակտիկ մասնագետների, որոնք աշխատում են թվային կառավարման ոլորտում՝ կիսելու իրենց փորձը, ինչպես նաև ընդունելու թվային հանրային ենթակառուցվածքը՝ համաշխարհային թվային տնտեսությունը բարելավելու համար: Այն համահունչ է «G20»-ի «Մեկ երկիր, մեկ ընտանիք և մեկ ապագա» թեմային: Գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա նաև համաշխարհային թվային հանրային ենթակառուցվածքների ցուցահանդեսը, որտեղ «G20»-ի անդամները և հրավիրված երկրները կցուցադրեն իրենց բնակչության մասշտաբի թվային հանրային ենթակառուցվածքների մասին տեղեկություն։