12 հունիսի 2023 - 17:27 AMT
2022-ին ՀՀ-ից ՌԴ արտահանման ծավալն ավելացել է 187%-ով

2022-ին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալն ավելացել է 187%-ով։ Այդ մասին Ազգային ժողովում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` նախորդ տարի գրանցված ցուցանիշը համեմատելով 2021-ի արդյունքների հետ։

Նա նշել է, որ դեպի ՌԴ արտահանման ծավալում բավականին մեծ տեղ է զբաղեցրել նաև վերարտահանումը։ Հայկական ծագման ապրանքների արտահանումը եղել է 47 տոկոս, հայտնում է Sputnik Արմենիան։

«2022 թվականին համաշխարհային տնտեսությունը շատ ավելի դանդաղ տեմպերով է զարգացել, և մեր ամենամեծ առևտրային գործընկեր Ռուսաստանում տեղի է ունեցել ՀՆԱ–ի նվազում։ Կանխատեսվում էր, որ սա կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր տնտեսական զարգացումների վրա, սակայն մեր տնտեսվարողները կարողացան օգտվել նաև դրա ընձեռած հնարավորությունից։ Արդյունքում բավականին բարձր աճ գրանցվեց»,– նշել է նախարարը։

Նա հավելել է, որ զբոսաշրջային հոսքի մեծ աճ ունենք` 90․2 տոկոս, որտեղ նպաստ են ունեցել Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկները։

«Սակայն ուրախալի է նաև այն, որ միայն Ռուսաստանից չէ, այլ երկրներից ևս ունենք բավականին մեծ աճ»,– ասել է ֆինանսների նախարարը։

Նա հավելել է, որ գրանցվել է նաև դրամական փոխանցումների մեծ աճ, որը նաև դրական է ազդել դրամի արժևորման վրա։ Արդյունքում արձանագրվել է 12.6 տոկոս տնտեսական աճ։

«Արդյունքով անվանական ՀՆԱ–ն մեզ մոտ կազմում է մոտավորապես 8,5 տրիլիոն դրամ, որը 2021թվականի փաստացի ցուցանիշից ավելի է մոտ 1.5 տրիլիոն դրամով»,– նշեl 1 ոլորտի պատասխանատուն։

Եվրասիական զարգացման բանկը հայտնել էր, որ 2022 թվականին Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 2.8 անգամ։