12 հունիսի 2023 - 17:42 AMT
ԱՀ նախագահը՝ Պուտինին․ Բաքուն ամենն անում է՝ փլուզելու Արցախի և տարածաշրջանի փխրուն անվտանգությունը, ՌԴ երաշխիքները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Նա նշել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ փլուզելու Արցախի և տարածաշրջանի փխրուն անվտանգությունը և ՌԴ երաշխիքները:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ռուս ժողովրդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև հայոց ու ռուսական պետականությունների ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները ձևավորել են նշանակալի պատմություն և մեծ ներուժ հետագա զարգացման համար: Այդ հարաբերություններում իր ուրույն տեղն է ունեցել և ունի նաև Արցախը՝ որպես Հարավային Կովկասի կարևոր սուբյեկտներից մեկը: Այդ կարևորության ցուցիչներից մեկն էլ 2020թ. պատերազմի հրադադարի կնքումն էր Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ ու երաշխավորմամբ:

Ուստի, մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի և անձամբ Ձեր դերակատարությունը 2020թ. արյունահեղության կասեցման և Արցախում հետագա նոր լայնածավալ ագրեսիաների ու ողբերգությունների կանխման հարցում: Արցախի ժողովուրդը սրտաբաց է ընդունել ռուս խաղաղապահների առաքելությունը՝ նրանց մեջ տեսնելով սեփական հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու ամուր երաշխիքներ: Այժմ, երբ Ադրբեջանն ամեն ինչ անում է փլուզելու Արցախի և տարածաշրջանի անվտանգության փխրուն ճարտարապետությունը և ՌԴ երաշխիքները՝ Արցախի շարունակվող շրջափակման ու սպառնալիքների միջոցով, մենք վստահ ենք, որ մեր ռազմավարական շահերի ներդաշնակեցման և ջանքերի համատեղման միջոցով մեր երկու ժողովուրդներին կհաջողի ապահովել տարածաշրջանային կայուն ու արժանապատիվ միջավայր բոլոր կողմերի համար»:

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։