13 հունիսի 2023 - 11:53 AMT
«Մեղրի» սահմանային անցակետի արդիականացումը կավարտվի 2026-ին

Հայ-իրանական սահմանին գտնվող «Մեղրի» սահմանային անցակետի արդիականացման գործընթացը կշարունակվի մինչև 2026 թվականը։ Այդ մասին հայտնել են Պետեկամուտների կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Մեղրիի մաքսատան վերակառուցման և արդիականացման աշխատանքներն արդեն սկսվել են։ ՊԵԿ-ից հայտնել են, որ միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից անցակետ կկառուցվի։

«Մեղրիի սահմանային անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով՝ պայմանագրով նախատեսվում է կառուցել 4000 քմ կառուցապատման մակերեսով երկհարկանի վարչական շենք։ Անցակետը կունենա մուտքի ուղղությամբ տրանսպորտային միջոցների մանրամասն զննման, բեռնատար տրանսպորտային միջոցների ռենտգեն քննման և մաքսային ձևակերպումների մասնաշենքեր, ինչպես նաև մարդատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման հարթակ ու այլ ենթակառուցվածքներ», - նշված է հարցման պատասխանում։

Նախատեսվում է, որ մուտքի և ելքի ուղղությամբ կլինի 5-ական գիծ։

Արդիականացված սահմանային անցակետը կհամալրվի գերժամանակակից սարքավորումներով ՝ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար։

Շինարարական աշխատանքներն իրականացնելու է իրանական «Թանա էներջի մենեջմենթ» ՓԲԸ-ն։

Ավելի վաղ ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը հայտնել էր, որ 2022 թվականին այդ աշխատանքների համար նախատեսվում էր հատկացնել 1․2 մլրդ դրամ (3,1 մլն դոլարից մի փոքր ավելի), սակայն շինարարության նախապատրաստման ընթացակարգերի հետ կապված ուշացումներ են եղել, և նախագիծը հետաձգվել է մինչև 2023 թվականը։

Մեղրիի մաքսատունը վերանորոգվում է ԵՄ դրամաշնորհային միջոցներով և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկով: Ավելի վաղ ԵՄ ծրագրով արդիականացվել էին Վրաստանի հետ սահմանին գտնվող երեք սահմանային անցակետերը՝ Բագրատաշեն, Բավրա և Գոգավան-Պրիվոլնոյե: