13 հունիսի 2023 - 11:56 AMT
Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է

Հունիսի 13-ին ժամը 04։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայր չհասած ավտոշուկայի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նուբարաշենի աղբավայրում։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և 4 ջրատար։

Նուբարաշենի քաղաքային աղբավայրում հրդեհ էր բռնկվել նաև մայիսի 18-ին, որը մարվել է 10 օր անց։