13 հունիսի 2023 - 15:52 AMT
Ալիև․ Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է»։

Նա նշել է, որ հանդիպմանը կարծիքների փոխանակում է եղել «Զանգեզուրի միջանցքը շուտափույթ բացելու» շուրջ, գրում է Interfax.az-ը։

«Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է։ Որքան արագ այն բացվի, այդքան լավ։ Ամեն դեպքում մենք կավելացնենք մեր ջանքերն այդ ուղղությամբ։ Այդ միջանցքի բացումը թույլ կտա նոր հնարավորություններ ստեղծել բոլոր երկրների համար, և դրական կազդի տարածաշրջանում գործնական համագործակցության վրա»,-ասել է Ալիևը։

«Ամեն անգամ, երբ հանդիպում ենք Թուրքիայի նախագահի հետ, քննարկում ենք տրանսպորտի հարցերը։ Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում աճում է Միջին միջանցքի նշանակությունը։ Մենք Ադրբեջանում ընդլայնում ենք մեր տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունները»,-ասել է Ալիևը։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հունիսի 2-ի նիստից հետո հայտարարվեց, որ էական առաջընթաց է արձանագրվել ՀՀ և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, մեկնաբանելով հանդիպման արդյունքները, ասել էր, որ ոչ ոք Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դնում, բոլոր կողմերը տրամադրված են, որ հնարավորինս շուտ գործարկվեն աշխատանքները։ Ըստ ՌԴ փոխվարչապետի` դա լինելու է սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ։