13 հունիսի 2023 - 18:29 AMT
ԿԲ նախագահ․ 2023-ին տնտեսական աճը կկազմի 6.9%

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԿԲ-ում հրավիրված ասուլիսում ասել է, որ բանկի կանխատեսումների համաձայն՝ այս տարվա ընթացքում տնտեսական աճը կկազմի 6.9 տոկոս։

«Մենք 1 տոկոս ավելացրել ենք մեր աճի կանխատեսումը՝ հիմնականում պայմանավորված շինարարության և ծառայությունների ոլորտի ավելի առաջանցիկ զարգացումներով», - ասել է Գալստյանը, գրում է Aysor.am-ը։

Ինչ վերաբերում է գնաճին, ապա այն տարվա ընթացքում կլինի թիրախից որոշակիորեն ցածր՝ այսինքն 4 տոկոսից քիչ։

«Այսինքն, եթե մեր թիրախը 4 տոկոսն է, մենք կանխատեսում ենք, որ այն կլինի ավելի ցածր։ Այս վերջին զարգացումների ընթացքում տեսնում ենք, որ ներմուծվող պարենային ապրանքների գները շատ ավելի կտրուկ են նվազում, քան նախկինում կանխատեսում էինք։ Բայց կա նաև չկարգավորվող ծառայությունների էական մաս, որը շարունակում է պահպանվել ավելի բարձր մակարդակում, քան մեր գնաճի թիրախն է», - ասել է ԿԲ նախագահը։

Հունիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.5%:

ԿԲ կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 12.0%, Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը 9.0%: