13 հունիսի 2023 - 18:52 AMT
Գալստյան․ Կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների արժեքները դեռ բարձր մակարդակում են

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ մայիսին 12-ամսյա գնաճը շարունակել է արագ տեմպերով նվազել և ամսվա վերջին կազմել է 1.3 տոկոս։

Նա հավելել է, որ կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների արժեքները դեռևս պահպանվում են բարձր մակարդակում, գրում է Aysor.am-ը։

«12-ամսյա բնականոն գնաճը նույնպես զգալիորեն նվազել է՝ կազմելով 3.1 տոկոս։ 2023 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային և հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղ տեմպերը պահպանվում են, 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել։ Այդուհանդերձ, գործընկեր բոլոր երկրներում աշխատաշուկաներից ածանցվող գնաճային ճնշումների պահպանման պայմաններում կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռևս պահպանվում են բարձր մակարդակներում», - հայտնել է Գալստյանը։

Նա նշել է, որ տարվա կտրվածքով գնաճը կլինի թիրախից որոշակիորեն ցածր՝ այսինքն 4 տոկոսից քիչ։

Հունիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.5%:

ԿԲ կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 12.0%, Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը 9.0%: