13 հունիսի 2023 - 18:53 AMT
ՀՅԴ․ Սթափվելու, ընդվզելու, մեր պետության ու հայրենիքին համազգային միասնությամբ տեր կանգնելու վճռական պահն է

ՀՅԴ Հայաստանի գերագույն ժողովը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ սթափվելու, ընդվզելու, մեր պետության ու հայրենիքին համազգային միասնության ճակատով տեր կանգնելու վճռական պահն է։

Գերագույն ժողովը նաև համահայկական զորաշարժի կոչ է հնչեցրել։

«Սիրելի հայրենակիցնե՛ր, հայ ժողովուրդը և Հայոց պետականությունը կանգնած են գոյութենական ծանրագույն սպառնալիքի առջև։

Հայաստանի իշխանությունների որդեգրած ապազգային քաղաքականությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուրացումը, ՀՀ Անկախության հռչակագրից բխող հանձնառություններից և Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի սահմանադրական պարտականություններից հրաժարվելը, թուրք-ադրբեջանական պարտադրվող զիջումներն ընդունելու և հայ ժողովրդի ազգային պետական շահերը ստորադասելու քաղաքականությունը կործանարար է։

Ադրբեջանի շարունակվող ագրեսիան հանգեցնելու է նոր ցեղասպանության և Արցախի հայաթափման, հարցականի տակ է դնելու Հայաստանի պետականության ապագան։

Հայ ժողովրդի թիկունքում հակասահմանադրական ընթացքով ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն կամ փաստաթուղթ չունի իրավական և քաղաքական լեգիտիմություն, այն հղի է նոր պատերազմի սպառնալիքով և անխուսափելիորեն ապակայունացնելու և նոր ցնցումների է տանելու ողջ տարածաշրջանը։

Հակասահմանադրական և հակապետական այս ընթացքի անհապաղ կասեցումը օրախնդիր է և համազգային առաքելություն։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովը ճակատագրական այս հանգրվանում համահայկական զորաշարժի կոչ է հնչեցնում։

Սթափվելու, ընդվզելու, մեր պետության ու հայրենիքին համազգային միասնության ճակատով տեր կանգնելու վճռական պահն է»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ։

«Մենք համոզված ենք՝ իշխանությունների կողմից պարտադրված պարտվողականությանն ու անզորությանն այլընտրանք կա,

հաստատում ենք՝ ներազգային համերաշխության վերահաստատումով և համահայկական ներուժով կարող ենք և պարտավոր ենք՝

Վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը,

Վերականգնել երկրի անվտանգային համակարգը, ազգ-բանակ համազգային գիտակցումով բարձրացնել երկրի պաշտպանունակությունն ու Հայոց բանակի մարտունակությունը․

Արդյունավետ օգտագործելով միջազգային իրավունքն ու միջազգային հարթակները, համադրելով տարածաշրջանում հետապնդվող աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, Հայաստանի ռազմավարական դաշնակիցների զորակցությունն ու դիվանագիտական ռեսուրսները՝ պաշտպանել և առաջ տանել Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական շահերը,

Միջազգային իրավունքի համատեքստում մերկացնել և դատապարտել Ադրբեջանի հանցագործություններն՝ ուղղված մարդկության և կոնկրետ հայ ժողովրդի դեմ,

Կասեցնել մեր ազգային ինքնությունը քայքայող օտարածին ծրագրերը, երկրում հաստատել իրական ժողովրդավարություն, հանրային համերաշխություն և արդարություն,

Համահայկական ուժերի մեկտեղումով զորացնել Հայաստանի կարողականությունները, ստեղծել ուժեղ և մրցունակ պետություն, որն անզիջում դիմադրությամբ կկանխի թուրք-ադրբեջանական տանդեմի հետապնդած Արցախի բռնակցման, հայաթափման և Հայաստանին կենսական զիջումներ պարտադրող պանթուրքական ծրագրերը։

Աներկբա է՝ վերը նշված մարտահրավերները դիմագրավելու և ստեղծված իրավիճակում հանգուցային բեկում մտցնելու նախապայմանը ազգային իշխանության ձևավորումն է և նոր որակի պետության կառուցումը»,-ասվում է հայտարարության մեջ։ ։

Նշվում է, որ ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունն ու ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցն իրենց ամբողջ ներուժով լծվելու են Հայաստանի և Արցախի պաշտպանությանն ու փրկությանն ուղղված համազգային ընդվզման և դիմադրության ճակատի ձևավորմանը»։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը: 2023 թ․ հունիսի 9-11-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի 26-րդ Գերագույն ժողովը։ Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված իրավիճակը, նախանշել առաջիկա անելիքները և սահմանել ՀՅԴ Հայաստանի կառույցի գործունեության ուղենիշները։