14 հունիսի 2023 - 17:46 AMT
Կլաար․ ԵՄ–ն ուշադիր հետևում է զարգացումներին՝ կրակոցները պետք է դադարեցվեն

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԵՄ–ն ուշադիր հետևում է զարգացումներին, և որ կրակոցները պետք է դադարեցվեն։

«Եվրամիությունն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը տարածաշրջանում։ Կրակոցները բոլոր հատվածներում պետք է դադարեցվեն։ Կարևոր է պահպանել հետևողական հանդիպումների դրական դինամիկան և արդյունքների հասնել բանակցությունների սեղանի շուրջ, որոնք օգուտ կբերեն ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև ամբողջ տարածաշրջանին»,– ասվում է գրառման մեջ։

Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։

ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից բացված կրակին Երասխի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ, հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: