14 հունիսի 2023 - 18:06 AMT
Էրդողան. Զանգեզուրի միջանցքը ոչ թե ՀՀ, այլ Իրանի հետ կապված հարց է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվից վերադառնալիս ինքնաթիռում խոսել է Թուրքիա-Հայաստան և Հայաստան-Ադրբեջան գործընթացներից, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից», և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցից:

Էրդողանն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը» ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ կապված հարց է, գրում է Ermenihaber-ը։

«Դա Հայաստանի հետ կապված հարց չէ։ Զանգեզուրի միջանցքն Իրանի հետ կապված հարց է։ Այսինքն երկու երկիր, որոնց ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը մուսուլման է։ Այստեղ թե Ադրբեջանին, և թե մեզ տխրեցնում է, որ Իրանն այդպիսի դիրքորոշում ունի։ Իրականում նրանց էլ պետք է տխրեցնի։ Բացի այդ, այստեղ յուրաքանչյուր վագոնի համար գանձվող վճարները և այլն, ցավոք, շատ-շատ բարձր են։ Հուսով եմ, որ այս դժվարությունն էլ ամենակարճ ժամկետում կհաղթահարենք»,-ասել է նա։

Էրդողանն ասել է նաև, որ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի առաջընթացն էապես նպաստելու է Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը։

«Տեսնում ենք, որ այդքան տառապանքից հետո մեր տարածաշրջանում բացվում է խաղաղության դուռը։ Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը պատասխանատվությամբ գործեն, որպեսզի չկորսվի այս հնարավորությունը»,- ասել է նա։

Խոսելով Փաշինյանի՝ Անկարա կատարած այցի մասին, Էրդողանն ընդգծել է, որ դա կարևոր քայլ էր։

«Հատկապես Փաշինյանի կողմից մեր հրավերի ընդունումը կարևոր քայլ էր։ Այսինքն, այս կետում Փաշինյանը, բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով, իր երկրի ընդդիմադիր ընկալումներն էլ հաղթահարելով, ընդունեց մեր այդ հրավերը։ Վարչապետ Փաշինյանի հետ այդ արարողությանը միայն ոտքի վրա կարողացանք զրուցել։ Ոտքի վրա զրույցի ընթացքում մեր շնորհակալությունը հայտնեցինք մեր այդ հրավերն ընդունելու համար»,-ասել է նա։

Հունիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է։

Հունիսի 2-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպմանը ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ ոչ ոք Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դնում։ Ըստ ՌԴ փոխվարչապետի` դա լինելու է սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ։