14 հունիսի 2023 - 18:17 AMT
Նախարար. ՀՀ դպրոցների ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորում է ՌԴ քաղաքացիությամբ 6000-ից ավելի երեխա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ դպրոցների ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորում է ՌԴ և այլ երկրների քաղաքացիությամբ ավելի քան 6000 երեխա։ Նա նշել է, որ ռուսաց լեզվով դասարաններ կան ՀՀ 46 դպրոցում։

Այդ մասին Անդրեասյանն ասել է՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցին։

«Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համատեղ արձանագրություն ունենք, որով նախանշված են մի շարք ծրագրեր: Ինչ վերաբերում է համատեղ հանրակրթական ծրագրերին, դրանք ունեն երկու ուղղություն. մեկը Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների կրթության իրավունքի ապահովվումն է, հանրակրթական 46 դպրոցներում գործում են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, և մյուսը` համատեղ հանրակրթական ծրագիրը, որը հնարավոր է իրականացնել մեր օրենսդրության շրջանակում»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։

Նա նշել է, որ եթե խոսքն այնպիսի համատեղ ծրագրի մասին, որին պետք է մասնակից լինեն նաև ՀՀ քաղաքացիները, ապա հրաշալի օրինակ կարող է ծառայել հայ-չինական դպրոցը, որը հայկական դպրոց է չինարենի խորացված ուսուցմամբ։

Հայաստանում ռուսերենով ուսուցմամբ 3 դպրոց կա, որտեղ սովորում են ՌԴ-ում տեղակայված զինծառայողների և սահմանապահների, ինչպես նաև ՌԴ քաղաքացիներi երեխաները։ Նաև մի քանի տասնյակ հայկական դպրոց կա ռուսերենի խորացված ուսուցմամբ։