14 հունիսի 2023 - 18:23 AMT
Փաշինյանը և Օվերչուկը քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին՝ քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, կողմերի սուվերենության և իրավազորության հիման վրա սահմանային ու մաքսային հսկողության իրականացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հագեցած է և կողմերն աշխատում են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման ուղղությամբ:

«Ինչպես Ձեզ հայտնի է, մենք հետաքրքրված ենք տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի բացմամբ, ապաշրջափակմամբ՝ հիմնելով կողմերի սուվերենության և իրավազորության վրա, որոնց տարածքներով այդ հնարավոր ենթակառուցվածքներն անցնում են: Վստահ եմ, այսօր կքննարկենք որոշ ասպեկտներ, ուրախ եմ այս առիթով հանդիպել Ձեզ»,- ասել է վարչապետը:

Օվերչուկը նկատել է, որ օրերս Սոչիում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ վարչապետների բովանդակալից հանդիպումը և փաստել, որ երկկողմ փոխգործակցությունը հաջողությամբ զարգանում է: ՌԴ փոխվարչապետը նկատել է՝ ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների ընթացքում երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է 96 տոկոսով:

Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին:

Մինչ վարչապետի հետ հանդիպումը ՌԴ փոխվարչապետը հանդիպում է ունեցել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը և ԵԱՏՄ ձևաչափում համագործակցության զարգացմանն առնչվող թեմաներ»,- նշում են կառավարությունից:

Հունիսի 2-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպմանը ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ ոչ ոք Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դնում։ Ըստ ՌԴ փոխվարչապետի` դա լինելու է սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ։