14 հունիսի 2023 - 18:46 AMT
Փոխնախարար. Սահմանին առաջխաղացման որևէ քայլ չի եղել

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով Երասխի ուղղությամն Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ գործողությունները, ասել է, որ, ըստ իր տեղեկությունների, դրանք եղել են հեռահար կրակոցներ և առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել:

«Որոշակի լարվածության միտում նկատվում էր, վերջին օրերին ադրբեջանական մամուլը և առհասարակ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում և որպես կանոն, դրան հաջորդում են որոշակի քայլեր: Մենք հնարավորինս օպերատիվ տեղեկատվություն տրամադրում ենք և կշարունակենք տրամադրել»,-ասել է նա, գրում է «Նովոստի-Արմենիան»։

Նա նաև նշել է, որ չի կարող ասել լայնածավալ գործողությունների վերածվելու, թե ինչ-որ լրացուցիչ էսկալացիային ուղղված քայլեր իրականացվում են, բայց որ սա չի նպաստում բանակցային գործընթացի դրական ընթացքին և բացասական հետևանքներ է առաջացնում ու վնասում այդ գործընթացին, դա ակներև է:

«Որպես կանոն նմանատիպ դեպքերում, որոշակի էսկալցիայի հող նախապատրաստելուց հետո ձեռագիրը կարծես նույնն է, և նորից շարունակում են փոքր–փոքր լոկալ խնդիրներ ստեղծել», – ասել է պաշտպանության փոխնախարարը։

«Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ դրանք հեռահար կրակոցներ են, և առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել: Ամեն դեպքում, որևէ խուճապի կարիք չկա, որովհետև մենք ապրում ենք մի տարածաշրջանում, մի երկրում, որն անընդհատ արդեն կարծես սովորել է այս լարված իրավիճակում ապրելուն: Պետք է լինենք զգոն, ամեն դեպքում վստահ, որ մեր զինված ուժերը և ուժային ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում համարժեք պատասխան տալիս են ու կտան, սակայն ցանկալի չէ սրել, և մենք հույս ունենք, որ այս ապակառուցողական մոտեցումը ադրբեջանական զինված ուժերի և այդ շրջանակների կողմից վերջ կունենա»,- ասել է փոխնախարարը:

Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։

ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից բացված կրակին Երասխի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ, հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: