26 ապրիլի 2009 - 00:04 AMT
Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան առջեւ բողոքի գործողություն է իրականացվել
Ապրիլի 24-ին Բրյուսելում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Բրյուսելի Սբ. Մարիամ-Մադլեն հայ առաքելական եկեղեցում անցկացվել է հոգեհանգստի պատարագ, որին ներկա են եղել Բելգիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը, Բելգիայի հայերի կոմիտեի եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Պատարագից հետո հանրությունը շարժվել է դեպի Բրյուսելի Իքսել թաղամասի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանը, որտեղ տեղի է ունեցել նահատակների ոգեկոչման եւ ծաղկեդրման արարողություն:
20-րդ դարասկզբի մեծ ոճիրի մասին ելույթ է ունեցել Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ պրն. Միշել Մահմուրյանը: Խաչքարի մոտ իրենց հարգանքի տուրքն են եկել մատուցելու Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերը, Հայ-բելգիական խորհրդարանական խմբի անդամ, սենատոր Ժորժ Դալմանյը, սենատոր Ալեն Դեստեքսը, «Էկոլո» կուսակցության փոխնախագահ Իզաբել Դյուրանը, Իքսել թաղամասի մշակութային հարցերի պատասխանատու փոխքաղաքապետ Իվ դը Յոնգ դԱրդոյը, Բրյուսելում թութսիների «Իբուկա» միության եւ հրեական համայնքի նախագահները, այլ պաշտոնատար անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ:Ծաղկեդրման արարողությունից հետո հայ համայնքի ներկայացուցիչներն ուղեւորվել են Բրյուսելում Թուրքիայի դեսպանություն` իրենց բողոքն արտահայտելու Հայոց ցեղասպանության փաստի հանդեպ թուրքական իշխանությունների ժխտողական կեցվածքի կապակցությամբ:
Նույն օրը երեկոյան Հայ տանը տեղի է ունեցել ոգեկոչման երեկո:
Ապրիլի 24-ի առավոտյան Ֆլանդրիայի Անվերս քաղաքում Սբ. Ուիլլիբրորդուսկերկ տաճարի բակում տեղադրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի է ունեցել ծաղկեդրման արարողություն: Արարողությանը մասնակցում էր Ֆլանդրիայում Հայաստանի պատվո հյուպատոս Հայկ Արսլանյանը:
Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակման կապակցությամբ ապրիլի 23-30-ը Վալոնիայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում ներկայացվում է բելգիահայ բեմադրիչ, դերասանուհի Կարոլին Սաֆարյանի «Հայաստանյան փաստաթղթեր» ներկայացումը: Դրաման վեր է հանում հայ եւ թուրք ժողովուրդների ներկա սերունդների հարաբերությունների վրա Մեծ Եղեռնի արտացոլումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: