Բարբարա Բոքսեր. Հայոց ցեղասպանությունը պատմականորեն ապացուցված փաստ է

PanARMENIAN.Net - Ամերիկացի սենատոր Բարբարա Բոքսերը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 94-ամյակի կապակցությամբ: «94 տարի առաջ Օսմանյան կայսրությունում սկսվեց հայ ժողովրդի սիստեմատիկ ոչնչացումը: Հայերին արտաքսում էին իրենց տներից եւ բռնագաղթում դեպի Միջին Արեւելք: Շուրջ 1,5 միլիոն հայեր սպանվեցին XX դարի առաջին ցեղասպանության ժամանակ»,-ասվում է սենատոր Բոքսերի հայտարարության մեջ:



Հայտարարության մեջ սենատորը հույս է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մեկնարկած գործընթացը կհանգեցնի նրան, որ Թուրքիայի կառավարությունը, վերջապես, կճանաչի Հայոց ցեղասպանության մասին անհերքելի ճշմարտությունը: «Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Հայոց ցեղասպանությունը ոչ մեղադրանք է, ոչ էլ անհատական տեսակետ: Այն պատմականորեն ապացուցված փաստ է, իսկ փաստերն անհերքելի են: Մենք երբեք չպետք է օրինականացնենք նրանց կարծիքը, ով ժխտում է մարդկության դեմ կատարված հանցագործությունը»,-հայտարարել է Բոքսերը: Ըստ սենատորի, պետք է հասկանալ, որ նման հանցագործությունները շարունակվում են այսօր Դարֆուրում: «Այն, ինչ կատարվեց հայ ժողովորդի հետ Օսմանյան կայսրությունում, Ցեղասպանություն էր, եւ նույնը կատարվում է այժմ Դարֆուրում, չնայած նրան, որ Սուդանի կառավարությունը ժխտում է դա»,-ընդգծել է սենատորը:



Նրա խոսքերով, ցեղասպանություններն ապագայում կանխելու փորձերը հարկավոր է սկսել ճշմարտությունից: «Ճանաչելով ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին, մենք կկարողանանք վերջ տալ զանգվածային սպանություններին ողջ աշխարհում»,-հայտարարել է Բ.Բոքսերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---