23 հունիսի 2023 - 13:27 AMT
Ադրբեջանը Բերձորի Սբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի

Ադրբեջանը Բերձորի Սբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Այդ մասին հայտնել է ԱՀ պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը:

«Պատմության բռնայուրացում, մշակութային ինքնության ոչնչացում, կրոնական անհանդուրժողականություն, կեղծում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բերձորի Սբ Համբարձման եկեղեցին հիմնադրվել է Քաշաթաղի շրջանային վարչակազմի առաջին ղեկավար Ալեքսան Հակոբյանի նախաձեռնությամբ։ Շինարարությունն ավարտվել է 1998-ին, գմբեթի խաչը օծվել է 1998 թվականի մայիսի 31-ին:

Եկեղեցու ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը։ Եկեղեցու բացման առաջին օրից շրջանի հոգևոր հովիվն է եղել Հայր Աթանաս վարդապետը, իսկ 2019 թվականից՝ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը: