24 հունիսի 2023 - 13:54 AMT
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1 տարեկան Մոնթեն խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ

Վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխան (Մոնթե Գ.), որը երկու օր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր ԱՀ Առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար։

Ռուս խաղաղապահներն ուղղաթիռով ՀՀ-ից նաև հրատապ անհրաժեշտության դեղորայք են բերել Արցախ՝ և Արցախի բնակչության, և իրենց կարիքների համար:

Հունիսի 15-ից արդեն 10-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է Լաչինի միջանցքով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և խաղաղապահների կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը, ինչպես նաև դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ։

Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքում։

ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: Ադրբեջանական կողմը հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքի՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը)