24 հունիսի 2023 - 14:26 AMT
ՌԴ հայերի միություն․ Պառակտման փորձերը պետք է կասեցվեն, իսկ Պրիգոժինի խռովության պատճառները՝ հետաքննվեն

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ռուսական հասարակությունը պառակտելու ցանկացած փորձ, անկախ նրանից, թե ումից է բխում, պետք է անհապաղ կասեցվի։

«Իսկ զինված խռովության գնալու Պրիգոժինին դրդած պատճառներն ու առիթը, վերջինիս խոսքերով, պետք է անաչառ հետաքննվեն հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից։

Երբ հաղթանակի գրավականը նախագահի շուրջ միասնությունն ու համախմբվածությունն է, անթույլատրելի և ծայրահեղ վտանգավոր ենք համարում ծագող տարաձայնությունները վերջնագրերով և Ռուսաստանի տարածքում խռովությամբ լուծելու փորձերը։ Այսօր ճշմարտության պահ է ցանկացած ռուսաստանցու համար»,-ասվում է հայտարարության մեջ։

ՌՀՄ-ն կոչ է անում չտրվել սադրիչ կոչերին, վստահել տեղեկատվության պաշտոնական աղբյուրներին և համախմբվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի լույս 24-ի գիշերվա իրադարձությունների կապակցությամբ իր ուղերձում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինի գործողությունները համեմատել է թիկունքից հարվածի և 1917-ի հետ։

Հունիսի լույս 24-ի գիշերը Պրիգոժինի Տելեգրամ ալիքներում մի քանի աուդիոձայնագրություն է հրապարակվել, որտեղ մեղադրել է ՌԴ ՊՆ ղեկավարությանը «Վագների» թիկունթային ստորաբաժանումներին հարվածներ հասցնելու մեջ և զինված ապստամբության կոչ է արվել։ Պրիգոժինը պահանջել է իրեն հանձնել ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին և ԳՇ շետ Վալերի Գերասիմովին։ Առավոտյան հայտնի է դարձել, որ «Վագների» զինվորականները Պրիգոժինի ղեկավարությամբ Դոնի Ռոստովի կենտրոնական հատվածում են։ Պրիգոժինը հայտարարել է, որ իր մարդիկ հսկողության տակ են վերցրել քաղաքի բոլոր ռազմական օբյեկտները, «այդ թվում՝ օդանավակայանը»։ Ռոստովի շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը խնդրել է քաղաքի բնակիչներին «ձեռնպահ մնալ կենտրոն այցելելուց և դուրս չգալ տներից»։ Չեղարկվել են զանգվածային միջոցառումները։