24 հունիսի 2023 - 15:24 AMT
Զաքարյան․ ՌԴ-ում զարգացումները կարող են նաև շատ վատ ազդեցություն ունենալ՝ պետք է մեր մասին մտածենք

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, անդրադառնալով ՌԴ-ում ծավալվող իրադարձություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ զարգացումները կարող են նաև շատ վատ ազդեցություն ունենալ Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա ` պետք է մեր մասին մտածենք։

«Ռուսաստանը հսկա երկիր է և իր հարցերը կարող է ինքնուրույն լուծել: Որպես կանոն, պատմական բարդ իրավիճակներից ռուս ժողովուրդը դուրս է եկել ավելի ամրացած և ուժեղացած:

Մենք ցանկացած տիպի էսկալացիայի կամ համգուցալուծման պարագայում, պետք է մեր մասին մտածենք: Զարգացումները կարող են նաև շատ վատ ազդեցություն ունենալ Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա: Մեր ժողովրդի համար դրանք կարող են ճակատագրական ընթացք ունենալ, հատկապես, որ ՀՀ կառավարության ղեկավարը շարունակում է հանդիսանալ թուրք-ադրբեջանական շահերի ակտիվ ներկայացուցիչը:

Խելացի մարդկանց, իրական քաղաքական գործիչների, հայրենատեր քաղաքացիների համար ավելի պատասխանատու և պատմականորեն վճռորոշ ժամանակներ կարող են սկսվել: Իսկ հիմարացած զանգվածների, փողասերների և օտարահարճերի համար նիկոլիզմը շարունակում է լինել վերջնական կործանման տանող լավագույն լուծումը: Աստված օգնական»,-ասվում է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի լույս 24-ի գիշերվա իրադարձությունների կապակցությամբ իր ուղերձում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինի գործողությունները համեմատել է թիկունքից հարվածի և 1917-ի հետ։

Հունիսի լույս 24-ի գիշերը Պրիգոժինի Տելեգրամ ալիքներում մի քանի աուդիոձայնագրություն է հրապարակվել, որտեղ մեղադրել է ՌԴ ՊՆ ղեկավարությանը «Վագների» թիկունթային ստորաբաժանումներին հարվածներ հասցնելու մեջ և զինված ապստամբության կոչ է արվել։ Պրիգոժինը պահանջել է իրեն հանձնել ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին և ԳՇ շետ Վալերի Գերասիմովին։ Առավոտյան հայտնի է դարձել, որ «Վագների» զինվորականները Պրիգոժինի ղեկավարությամբ Դոնի Ռոստովի կենտրոնական հատվածում են։ Պրիգոժինը հայտարարել է, որ իր մարդիկ հսկողության տակ են վերցրել քաղաքի բոլոր ռազմական օբյեկտները, «այդ թվում՝ օդանավակայանը»։ Ռոստովի շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը խնդրել է քաղաքի բնակիչներին «ձեռնպահ մնալ կենտրոն այցելելուց և դուրս չգալ տներից»։ Չեղարկվել են զանգվածային միջոցառումները։