24 հունիսի 2023 - 15:25 AMT
Պրիգոժինը չի պատրաստվում «մեղայականով ներկայանալ»

«Վագների» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինի Telegram-ի ալիքում աուդիոձայնագրություն է հրապարակվել, որտեղ նրան նմանվող ձայնն ասում է, որ ոչ ոք չի պատրաստվում հանձնվել և մեղայականով ներկայանալ։

«Հայրենիքին դավաճանելու մասով նախագահը խորապես սխալվում է: Մենք հայրենասերներ ենք, կռվել ու կռվում ենք, և ոչ ոք չի պատրաստվում նախագահի, ԱԴԾ-ի կամ էլի ինչ-որ մեկի պահանջով ներկայանալ մեղայականով։ Որովհետև մենք չենք ուզում, որ մեր երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, բյուրոկրատիայի և խաբեության պայմաններում»,-ասել է նա, հայտնում է BBC-ն։

Այնուհետև Պրիգոժինն ասում է, որ ոմն մեկը, անուն չնշելով, թալանել է Աֆրիկային հատկացված գումարները, ինչպես հիմա թալանում է Ուկրաինայի դեմ պատերազմի համար հատկացվածը։

Ավելի վաղ հրապարակված աուդիոձայնագրությունում Պրիգոժինը հայտարարել էր, որ իրենք «շրջափակում են Ռոստովն ու շարժվելու են դեպի Մոսկվա»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի լույս 24-ի գիշերվա իրադարձությունների կապակցությամբ իր ուղերձում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինի գործողությունները համեմատել է թիկունքից հարվածի և 1917-ի հետ։

Հունիսի լույս 24-ի գիշերը Պրիգոժինի Տելեգրամ ալիքներում մի քանի աուդիոձայնագրություն է հրապարակվել, որտեղ մեղադրել է ՌԴ ՊՆ ղեկավարությանը «Վագների» թիկունթային ստորաբաժանումներին հարվածներ հասցնելու մեջ և զինված ապստամբության կոչ է արվել։ Պրիգոժինը պահանջել է իրեն հանձնել ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին և ԳՇ պետ Վալերի Գերասիմովին։ Առավոտյան հայտնի է դարձել, որ «Վագների» զինվորականները Պրիգոժինի ղեկավարությամբ Դոնի Ռոստովի կենտրոնական հատվածում են։ Պրիգոժինը հայտարարել է, որ իր մարդիկ հսկողության տակ են վերցրել քաղաքի բոլոր ռազմական օբյեկտները, «այդ թվում՝ օդանավակայանը»։ Ռոստովի շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը խնդրել է քաղաքի բնակիչներին «ձեռնպահ մնալ կենտրոն այցելելուց և դուրս չգալ տներից»։ Չեղարկվել են զանգվածային միջոցառումները։