27 ապրիլի 2009 - 15:56 AMT
Հայաստանի նախագահ. Թուրքերի հետ մեր հարաբերություններում երբեք Լեռնային Ղարաբաղի թեման չի շոշափվել
ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է հայ-թուրքական քաղաքական երկխոության եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման ընթացքը: Անդրադառնալով խնդրին, Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Բնական է, որ այսօր մենք մեր խոսակցությունն սկսելու ենք անդրադարձից հայ-թուրքական երկխոսության ընթացքին եւ երկու օր առաջ Շվեյցարիայի, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարությանը: Այդ հայտարարությունը մեր ջանքերի արձանագրումն է` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, որոնց ակտիվորեն աջակցում է Շվեյցարիան: Ես վստահ եմ, որ մենք տեսանելի ապագայում մեր հանրությանը կներկայացնենք նաեւ այն փաստաթուղթը, որի շուրջ մենք բանակցում ենք եւ վստահ եմ, որ կստանանք մեր ժողովրդի, մեր հասարակության հավանությունն այդ դրույթներին:

Մեր մոտեցումը հստակ է եւ պարզ` 21-րդ դարում Եվրոպայում չեն կարող լինել փակ սահմաններ: Արդյունավետ պետություն լինելու համար մենք պետք է բազմազանեցնենք մեր տրանսպորտային միջանցքները, էներգետիկ աղբյուրները, տնտեսական կապերի աշխարհագրությունը:

Վերջերս շատ են շահարկում, թե իբր հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են հայ-ադրբեջանական հարաբերություններով կամ Ղարաբաղի խնդրում զիջումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման է: Մեկ անգամ եւս կրկնում եմ. թուրքերի հետ մեր հարաբերություններում երբեք Ադրբեջանի թեման չի շոշափվել, երբեք Լեռնային Ղարաբաղի թեման չի շոշափվել: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է, եւ շատ հնարավոր է` դրական ազդեցություն ունենա ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա, բայց պայման լինել չի կարող:

Լայն քննարկման առարկա դարձավ նաեւ համատեղ հայտարարության հրապարակման ժամկետը: Խոսում են այն մասին, որ համատեղ հայտարարության հրապարակումը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին կարող է խոչընդոտել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Կարծում եմ, որ այդպես չէ: Ընդհակառակը: Բոլոր այն մարդիկ, ովքեր հետեւել են միջազգային լրահոսին, պետք է համոզվեին հակառակում: Ցեղասպանության թեման այս անգամ դարձավ շատ ավելի ինտենսիվ լուսաբանման առարկա, քան երբեւէ նախկինում: Աշխարհի առաջատար բոլոր լրատվամիջոցներն իրենց նորությունները սկսում էին այս թեմայով, ընդ որում, ընդգծում էին, որ, այո, եղել է Ցեղասպանություն, ընդգծում էին, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը բազմիցս կրկնել է, որ հարաբերություններ հաստատելը չի նշանակում հրաժարվել Ցեղասպանությունից կամ կասկածի տակ առնել այն: Թուրքերի հետ հարաբերությունների հաստատումը չի խոչընդոտում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Ցեղասպանության միջազգային ճանաչումը ցեղասպանությունների կանխման միակ ելքն է: Տեղեկատվական հոսքի նման ծավալը, թերեւս, համադրելի է միայն նախագահ Գյուլի Երեւան այցի համատեքստում Հայոց Ցեղասպանության թեմայի միջազգային լուսաբանման հետ:

Այն, որ հայտարարությունն արվեց ապրիլի 24-ի նախաշեմին, վկայեց, որ Թուրքիան էլ ընդունում է այդ օրվա խորհուրդն ու նշանակությունը: Հայտարարության համաստորագրումը Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության կողմից, եւ ԱՄՆ պետքարտուղարության համապատասխան հայտարարությունն, ինչպես նաեւ ԱՄՆ փոխնախագահի ավելի ուշ` նույն օրն ինձ ուղղված հեռախոսազանգը հաստատեցին միջազգային հանրության եւ հատկապես` Շվեյցարիայի ու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը հետեւողականորեն աջակցել այս գործընթացին ու որոշ առումով հանդիսանալ ձեռք բերված համաձայնությունների երաշխավորը:

Պատմական փաստերի, մեր ազգային նպատակների եւ հիմնախնդիրների պատճառահետեւանքային կապերի վերաբերյալ մեր մոտեցումները չեն փոխվել, դրանք չեն կարող փոխվել: Պարզապես պետք է գիտակցենք, որ ճանապարհ անցնելու համար հարկավոր է քայլ անել. ոչ ոք չի պնդում, թե դա հեշտ է կամ հեշտ է լինելու, բայց պետք է պատրաստ լինենք շարժվելու ճիշտ ճանապարհով եւ պաշտպանելու մեր շահերը»:

Անվտանգության խորհրդի նիստում լսվել եւ հավանության է արժանացել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի զեկույցը հայ-թուրքական քաղաքական երկխոսության եւ հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ: