30 հունիսի 2023 - 19:21 AMT
«Արժեքների վկայագիր». ARARAT թանգարանը միախառնել է էպոսներն ու AI-ն իր նոր ժամանակավոր ցուցադրությունում

ARARAT թանգարանը հերթական մշակութային նախաձեռնությամբ է հանդես եկել՝ «Արժեքների վկայագիր» ժամանակավոր ցուցադրությամբ՝ մի նախագծի շրջանակում միավորելով համաշխարհային էպոսն ու արհեստական բանականությունը (AI), այս դեպքում՝ Stable Diffusion AI օգնությամբ։

Նախագծի հեղինակները մասնագետների հետ միասին վերընթերցել են հայկական «Սասնա Ծռեր»-ը և համաշխարհային այլ էպոսներ, ընտրել ու առանձնացել այն դրվագները, որոնք ներդաշնակորեն հանգավորվում են ARARAT-ի արժեքների հետ։ Ընտրված դրվագներն ու հարակից նյութերը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո դրանք վիզուալիզացվել են արհեստական բանականության օգնությամբ, իհարկե՝ մասնագետների ներգրավմամբ։

«Էպոսը, որպես ստեղծագործական ժառանգության միավոր, նախ և առաջ արժեքների որոնման պատմություն է։ Բացի այդ, մեզ հայտնի գրեթե բոլոր էպոսներում իմաստային հատուկ խտացում է ստանում հերոսի ճամփորդությունը։ Այդ իմաստով «Արժեքների վկայագիր» ցուցադրությունը շատ ընդգրկուն հանգավորում է ստանում ARARAT թանգարանի գաղափարների հետ։ Մասնավորապես՝ ARARAT թանգարանի շրջայցերի դասական ծրագիրը հայկական լեգենդար կոնյակի արժեքների բացահայտման պատմություն է։ Վարպետություն, համբերություն, առատաձեռնություն, հավատարմություն, սեր. ARARAT-ի ԴՆԹ-ն կազմող այս արժեքներին է հաղորդակցվում թանգարանի յուրաքանչյուր այցելու, ում անմոռանալի ճամփորդությունը սկսվում է թանգարանի շեմը հատելուն պես», - նշեց Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

«Գիլգամեշ» ու «Ոդիսական», «Սասնա Ծռեր» ու «Նիբելունգների երգ», «Բիլինաներ» ու «Արթուր թագավոր»․ այս աշխարհահռչակ ստեղծագործություններն էպոսներ կամ դյուցազներգություններ են, որոնք պատմում են աստվածների ու հերոսների մասին։ Համաշխարհային մշակույթի գանձարանում իրենց մնայուն տեղը զբաղեցրած այս կոթողային գործերն իրենց բազմազանությամբ ու տարբերություններով հանդերձ, ունեն մեկ կարևոր ընդհանրություն․ յուրաքանչյուր էպոս բերում է արժեքների որոշակի համակարգ, բարոյական համընդհանուր կոդ։ Մշակութային այս մեծ ժառանգությունն այսօր վերընթերցվում է արհեստական բանականության կողմից, և հավերժական արժեքների ու նոր տեխնոլոգիաների այս բացառիկ համադրությունը ARARAT թանգարանը ներկայացնում է իր այցելուներին։

«Ի սկզբանե, երբ վերանորոգում էինք թանգարանը, միշտ մտածում էինք ունենալ մի վայր, որը կներգրավի մշակութային նոր ուղղվածություններ, որտեղ մարդիկ կամ այլ թանգարաններ կկարողանան իրենց արվեստը ներկայացնել, ու, կարծես, մեզ մոտ ստացվեց: Կարծում եմ՝ սա լավ նախադեպ կլինի նաև այլ թանգարանների համար»,- նշեց ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը:

Ցուցադրության շրջանակում ներկայացված են նաև էպոսներից հատվածներ՝ բնօրինակի լեզվով:

«ARARAT թանգարանը հազարավոր այցելուներ է ունենում աշխարհի ամենատարբեր ծայրերից: Եվ բնօրինակից մի հատվածը ներկայացնելու գաղափարը հատուկ էր ընտրված՝ սա հարգանքի տուրք է մեր օտարերկրյա հյուրերին: Երբ, օրինակ՝ գերմանացի այցելուները գալիս են մեզ հյուր, հայկական թանգարանում իրենց էպոսի մասին պատմություն են տեսնում, ինչպես նաև էքսկուրսավարը հին գերմաներենով դրանից մի հատված է ընթերցում, նրանք դա շատ գնահատում են»,- պատմեց Զարուհի Սարիբեկյանը:

Նախագծի վրա թիմն աշխատել է մոտ չորս ամիս. «Սկզբում մտածում էինք, որ մի նկարը կստանանք, հետո մյուսը, ու այդպես շարունակ, բայց ընթացքում հասկացանք, որ այդկերպ տարիներ կկորցնենք ամեն մեկի վրա աշխատելիս, ու սկսեցինք զուգահեռ աշխատել յուրաքնաչյուրի վրա»,- պատմեց նա:

Մանրամասնելով ընթացքի մասին, Սարիբեկյանն ընդգծեց, որ մի քանի անգամ ուզել են փակել նախագիծը, քանի որ աշխատանքը բարդ էր ու դժվար. «Ինչպես պարզեցինք արդեն աշխատանքը սկսելուց հետո, ԱԲ-ն շատ դեռ հեռու է մեզ լիարժեք հասկանալուց, էմոցիաներ կերտելուց ու փոխանցելուց»:

Այնուամենայնիվ, մի քանի ամիս անց ծավալուն նախագիծն ավարտին է հասցվել. հեղինակներն անգամ չբացառեցին՝ գուցե շարունակություն ունենա: Իր հերթին, արհեստական բանականության մասնագետ Արեգ Զաքարյանը նշեց՝ պետք է հիշել որ ԱԲ-ն դեռևս «տհաս նորածին երեխա է», որը «կամակոր է» ու գնալով «մեծանում է», և մի քանի ամիս անց այս նույն էպոսները բոլորովին այլ կերպ կպատկերի:

«Նախ անում էինք էսքիզը, ապա այն տալիս էինք AI-ին, որ նա այն կարդա, ապա սկսի պատկերներ կառուցել դրա ու իրեն տրված բանալի բառերի և տեքստի (անգլալեզու) հիման վրա: Ու անգամ այդ մեծ օգնությունն ունենալով, ի դեմս էսքիզի, AI-ը բավականին կամակոր էր ու դժվար էր ստացվում արդյունքը»,- պատմեց Զաքարյանը՝ հավելելով, որ արհեստական բանականությունը գործիք է յուրաքանչյուր նկարչի համար:

Իր հերթին, նախագծի գրական խորհրդատու, Մատենադարանի ավագ գիտաշխատող, էպոսագետ Հայկ Համբարձումյանը նշեց, որ աշխատանքի ընթացքում կարևորել են իսկապես հայտնի էպոսներ ընտրել, ինչպես նաև ընդհանուր արժեքների համընկնումները ARARAT թանգարանի հետ: Էպոսներն ուսումնասիրելիս խաղաղ ու պատկերավոր տեսարաններ են ընտրել:

«Միմյանց հետ ակտիվ քննարկումների մեջ ենք եղել, մինչև կարողացել ենք մեծ տեքստերից ընտրել համապատասխան հատվածները, ընդ որում, նաև խնդիր կար լեզվի ու թարգմանությունների ընտրության, նայում, մտածում էի՝ որն ավելի հասկանալի կլինի ԱԲ համար, բայց հետո պարզվեց, որ ոչ մեկն էլ այդքան հասկանալի չէ»,- պատմեց Համբարձումյանը:

Եզրափակելով՝ հեղինակներն ընդգծեցին՝ նախագծի ամբողջ հմայքը մարդկային շունչն էր, որը միաձուլվեց արհեստական բանականության հետ, ու որքան էլ տեխնոլոգիաները զարգանան, առանց մարդիկային գործոնի, միայն ԱԲ-ի ներգրավմամբ, այս նախագիծը չէր կայանա: