27 ապրիլի 2009 - 16:35 AMT
Հայաստանի ձյուդոյի հավաքականն անհաջող ելույթ ունեցավ Վրաստանում Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի ձյուդոյի հավաքականն անհաջող ելույթ ունեցավ Եվրոպայի առաջնությունում, որը տեղի էր ունենում ապրիլի 23-27-ը Թբիլիսիում: Հայաստանը ներկայացնող 5 ձյուդոիստներից միայն Արմեն Նազարյանին (66 կգ ք/կ) հաջողվեց գրավել 5-րդ տեղը: Հովհաննես Դավթյանը (60 կգ ք/կ), Ռոբերտ Վարդանյանը (73 կգ ք/կ), Հակոբ Առաքելյանը (90 կգ ք/կ) եւ Անուշ Հակոբյանը (52 կգ ք/կ) դուրս մնացին հետագա պայքարից իրենց առաջին մենամարտերում:

Ինչպես հաղորդեց PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչը, հայ ձյուդոիստները ամբողջությամբ չեն դրսեւորել իրենց հնարավորությունները եւ ցուցաբերել են անբավարար արդյունք:

«Մեր մարզիկների անհաջող ելույթների մի քանի պատճառ կա: Առաջին հերթին, առաջին մենամարտերում վիճակահանությամբ մեր մարզիկները մրցեցին Եվրոպայի ուժեղագույն ձյուդոիստների հետ: Երկրորդ` մենք ցույց չտվեցինք այն ամենը, ինչին ընդունակ էինք, եւ երրորդ` հաջողությունը մեզանից երես թեքեց: Միակ մարզիկը, որից ես գոհ եմ, Արման Նազարյանն է, որը գրավել է 5-րդ տեղը: Ես մեր ելույթները գնահատում եմ անբավարար: Հուսով եմ` մայիսին Մեծ սաղավարտ մրցաշարում մենք հաջողությամբ հանդես կգանք»,- նշել է Գեւորգյանը:

Հայ ձյուդոիստների պատվիրակությունը Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի գլխավորությամբ Վրաստանից վերադարձավ ապրիլի 27-ին: