27 ապրիլի 2009 - 18:55 AMT
ԵԱՀԿ ՄԽ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հարկավոր է ողջ տարածաշրջանին
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը օգտակար կլինի ոչ միայն Հայաստանին եւ Թուրքիային, այլեւ ողջ տարածաշրջանին»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքով, Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ վերջին հայտարարությունը երկկողմ հարաբերությունների առնչությամբ դրական էներգիայի առկայության վկայությունն է: «Այդ դրական էներգիան նպաստում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Մենք հուսով ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները տեղի են ունենալու առանձին, զուգահեռ, եւ հետեւաբար մենք գտնում ենք, որ այդ գործընթացների կարգավորման արագությունը տարբեր է լինելու»,- նշել է Բրայզան:

Նա նաեւ ընդգծել է, որ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը վերջինս իրեն ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, սակայն մանրամասները դիվանագետը չհրապարակեց:

ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն իր հերթին ավելացրեց, որ կայունությանն ու անվտանգությանը ուղղված ցանկացած քայլեր դրականապես են անդրադառնալու տարածաշրջանի վրա: Համանախագահները նշեցին, որ «ճանապարհային քարտեզի» մասին համաձայնագրի բովանդակությունը շարունակում է գաղտնի մնալ:

«Ցանկանում եմ միայն նշել, որ պաշտոնական Երեւանը շատ հստակ եւ բազմիցս հայտարարել է այն մասին, որ հայ-թուրքական բանակցային գործընթացը կապված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հետ»,- հիշեցրեց Բեռնար Ֆասիեն` ավելացնելով, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամն է եւ համանախագահները երբեք չեն զգացել Թուրքիայի աջակցությանը պակասը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ժամանակ: