7 հուլիսի 2023 - 15:01 AMT
«Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրը կլինի Տակեշի Կիտանոն

«Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի ճապոնացի հայտնի ռեժիսոր, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար, նկարիչ ու բանաստեղծ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն։

Կիտանոյին կշնորհվի «Փարաջանովյան թալեր» պատվավոր մրցանակը կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար։

Փառատոնի ընթացքում տեղի կունենա Կիտանոյի հետ հանդիպում, կցուցադրվի վարպետի վերջին ֆիլմը Կաննի 76-րդ կինոփառատոնից։ Ճապոնացի ռեժիսորը նաև «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր՝ բրիտանացի պրոդյուսեր Ջերեմի Թոմասի հետ միասին կներկայացնի Նագիսա Օշիմայի «Ուրախ Սուրբ ծնունդ, միստր Լորենս» ֆիլմը Դեյվիդ Բոուիի մասնակցությամբ՝ որպես Կիտանոյի առաջին մեծ դերը կինոյում և որպես հարգանքի տուրք կոմպոզիտոր Ռյուիտի Սակամոտոյին, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։

Տակեշի Կիտանոն նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում, տասնյակից ավելի ֆիլմերի ռեժիսոր է, 2 տասնյակից ավելի ֆիլմերի սցենարիստ։ Կիտանոն 3 անգամ ներկայացվել է Կաննի միջազգային կինոփառատոնի, 1 Սեզարի, մի քանի անգամ արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակի։ Կիտանոն գրել է նաև ավելի քան հիսուն գիրք` բանաստեղծություններ և կինոքննադատություններ, ինչպես նաև մի քանի վեպ, որոնցից մի քանիսը որպես սցենարներ օգտագործվել են այլ ռեժիսորների կողմից։ Նա նաև արդեն տարիներ շարունակ հայտնի հեռուստահաղորդավար է, դասավանդում էի Տոկիոյի համալսարանում։

«Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։