10 հուլիսի 2023 - 17:12 AMT
Պեսկով․ Պուտինը հունիսի 29-ին Կրեմլում հանդիպել է Պրիգոժինին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության խռովության փորձից 5 օր անց Կրեմլում հանդիպել է կազմավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկվոը։

«Իրոք, նախագահն ունեցել է այդպիսի հանդիպում։ Նա 35 մարդ էր հրավիրել՝ բոլոր ջոկատների հրամանատարներին և ընկերության ղեկավարությանը, այդ թվում Պրիգոժինին։ Հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում և տևել է գրեթե 3 ժամ»,-ասել է նա լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ Պեսկովի, Պուտինը հանդիպմանը «գնահատական է տվել ընկերության գործողություններին ռազմաճակատում, ինչպես նաև գնահատական է տվել հունիսի 24-ի իրադարձություններին, լսել է հրամանատարների բացատրությունները և առաջարկել է նրանց աշխատանքային կիրառման հետագա տարբերակներ»։

Պեսկովը հավելել է, որ «հանդիպման մասնակիցները շեշտել են, որ իրենք ՌԴ նախագահի և գերագույն գլխավոր հրամանատարի կողմնակիցներին են ու զինվորները»։

Այն հարցին, թե ներկա էին արդյոք հանդիպմանը ՊՆ ներկայացուցիչները, Պեսկովը չի պատասխանել։ Նա ասել է, որ «այդ հանդիպման մասին հավելյալ բան չունի ասելու»։

Ավելի վաղ Պուտին-Պրիգոժին հանդիպման մասին հայտնել էր ֆրանսիական Liberation-ը՝ արևմտյան հետախուզությունում իր աղբյուրների վրա հղումով։ Ըստ պարբերականի, Պրիգոժինին Կրեմլ էին կանչել հուլիսի 1-ին։ Այլ մանրամասներ պարբերականը չէր հայտնել։

Հունիսի լույս 24-ի գիշերը «Վագների» ուժերը գրավել էին Դոնի Ռոստովի Հարավային զինշրջանի շտաբը։ Դա հաջորդել էր ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի այն հայտարարությանը, թե ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարվածներ է հասցրել և ռմբակոծել է «Վագների» ճամբարները, ինչը հերքեցին ինչպես ՊՆ-ն, այնպես էլ ԱԴԾ-ն։ Պրիգոժինը պահանջել է իրեն հանձնել ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին և ԳՇ պետ Վալերի Գերասիմովին։ Առավոտյան հայտնի է դարձել, որ «Վագների» զինվորականները Պրիգոժինի ղեկավարությամբ Դոնի Ռոստովի կենտրոնական հատվածում են։ Պրիգոժինը հայտարարել է, որ իր մարդիկ հսկողության տակ են վերցրել քաղաքի բոլոր ռազմական օբյեկտները, «այդ թվում՝ օդանավակայանը»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի լույս 24-ի գիշերվա իրադարձությունների կապակցությամբ իր ուղերձում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինի գործողությունները համեմատել է թիկունքից հարվածի և 1917-ի հետ։

Պրիգոժինը դեպի Մոսկվա քայլերթ էր սկսել, սակայն 24 ժամ անց հայտարարեց, որ կասեցնում է առաջխաղացումը՝ հետագա սրացումից խուսափելու համար։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների արդյունքում նա կասեցրեց շարժումն ու հեռացավ Բելառուս։ Պրիգոժինի դեմ քրգործ էր հարուցվել, որը, սակայն, հետո կարճվեց, իսկ «Վագների» մարտիկներին առաջարկվեց պայմանագիր կնքել ՊՆ կամ այլ ուժային կառույցի հետ։