10 հուլիսի 2023 - 17:28 AMT
Ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման առերևույթ դեպք է բացահայտվել

ԱԱԾ-ն փաստական տվյալներ է ձեռք բերել խոստովանություն ստանալու և արարքի համար պատժելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից խմբի կազմում Երևանի բնակիչ Գ. Բ.-ին խոշտանգելու առերևույթ հանցանքի դեպքի առթիվ:

Քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ս. Հ-ի և նրա տեղակալ Գ. Խ-ի նկատմամբ խմբի կազմում խոշտանգում կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ու վարութային գործողություններ՝ կատարված հանցագործության ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ ծառայողների ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և, արդյունքում, քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ։