10 հուլիսի 2023 - 18:42 AMT
Թուրք լրագրողը՝ Կլաարին․ Քաջության և ազնվության պակաս ունեք

Թուրք լրագրող Ուզայ Բուլութը, իր թվիթերյան էջում կիսվելով Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմամբ, գրել է, որ ճնշող է տեսնել՝ ինչպես է նա անտարբեր հետևում թե ինչպես է Ադրբեջանի արյունարբու բռնապետությունը կամաց-կամաց ոչնչացնում Արցախը, հայտնում է Аraratnews.ам-ը։

«Ճնշող է տեսնել, որ Դուք քաջության և ազնվության պակաս ունեք, և Դուք անտարբեր հետևում եք, թե ինչպես է Ադրբեջանի արյունարբու բռնապետությունը կամաց-կամաց ոչնչացնում Արցախը: Այսպե՞ս եք ուզում մտնել պատմության մեջ, որպես հլու-հնազանդ վախկո՞տ, որը կուլ տվեց ցեղասպանությունը, որ այն կայանա»,-գրել է նա։

Տոյվո Կլաարը գրել էր, թե «հաճելի էր առավոտյան կարդալ, որ դեպի Ստեփանակերտ գազամատակարարումը վերսկսվել է», իսկ հետո հավելել էր՝ խոստումնալից օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ։ Նա նաև «Խանքենդի» էր անվանել Ստեփանակերտը։

Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն խիստ է արձագանքել Կլաարի գրառմանը։ «Դուք համոզվա՞ծ եք, Տոյվո Կլաար։ Դուք համոզվա՞ծ եք, որ դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարումը կայուն է և դեռ շարունակվում է։ Արդյո՞ք, «հաճելի է» կարդալը, երբ առ այսօր պահպանվում է Լաչինի միջանցքի շրջափակումը։ Արժե՞ր, արդյոք, օգտագործել Խանքենդի անվանումը և օգտագործել այն առաջինը, Ստեփանակերտից առաջ։ Եվրոպական խորհրդարանը ցանկանում է, որ դուք գործեք և ոչ թե նորություններ կարդաք»,-գրել է նա։