10 հուլիսի 2023 - 18:43 AMT
Օսկանյան․ Գոնե Արցախի ինքնավար մարզ ունենալու հարց բարձրացրեք՝ այդքանի իրավո՞ւնք էլ չունի արցախցին

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կրկին խոսել է ԼՂ շուրջ բանակցությունների նարատիվը՝ փիլիսոփայությունը փոխելու անհրաժեշտության մասին՝ հորդորելով բերել օրակարգ ԼՂ ինքնավար մարզ լինելու փաստը։

«Փաշինյանին եմ հարց տալիս՝ իր տրամաբանության շրջանակներում։ Եթե դու հոգեբանորեն պատրաստ ես ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, քեզ համար խնդիր չպիտի լինի, որ այսօր բարձրացնես առնվազն Արցախի ինքնավար մարզ ունենալու հարց։ Այդքանի իրավո՞ւնք էլ չունի արցախցին, երբ ընդհանրապես անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, երբ հազարամյակներ այնտեղ միայն հայեր են ապրել, սովետական տարիներին ունեցել է ինքնավար մարզ, նախկին 30 տարում եղել է անկախ քաղաքական միավոր։ Այսքանից հետո այդ մարդիկ իրավունք չունե՞ն Ադրբեջանի կազմում, ինչպես դու ես ասում, գոնե ինքնավար մարզ ունենալ։ Ինչո՞ւ այդ հարցը չեք բարձրացնում։ Գոնե դա արեք»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

Օսկանյանը նորից է կրկնել իմ առաջարկությունը՝ ստանձնել բանակցությունների պատասխանատվությունը մի խումբ գործընկերների հետ։

«Երբ ես ասացի, որ ուղղակի այդ ընթացքում պետք է իշխանությունները լռեն, հավատացեք՝ որևէ նպատակ չունեի ինչ-որ մեկին կամ մարդկանց նեղացնելու, վիրավորելու։ Դա ասել եմ՝ ելնելով մեր վերջին տարիների դառը փորձից»,- ասել է Օսկանյանը։

Նրա կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտությունից հեռու մարդ է․

«Սա փաստ է։ Նորից այստեղ վիրավորելու հարց չկա։ Նրա կրթությունը դիվանագիտությանը չի էլ վերաբերում, ռազմաքաղաքական հարցերին չէր վերաբերում, նա նման փորձ չուներ։ Իր ողջ ընդդիմադիր գործունեության ընթացքում, բացառությամբ մի քանի խորհրդարանական այց, նա արտաքին շփումներ չի ունեցել։ Առավել ևս, Փաշինյանը չէր հասկանում և այսօր էլ չի հասկանում դիվանագիտության մեջ խոսքի արժեքը, խոսքի կարևորությունը, որ մի բառը նույնիսկ, եթե դա ճիշտ, տեղին չի ասվում, դա բացասական հետևանք է ունենում։ Օրինակ՝ Արցախում արտահայտած միտքը, որ Արցախը Հայաստան է և վերջ, միգուցե Փաշինյանի արած քաղաքական հայտարարություններից ամենաճիշտն էր, բայց արվել էր սխալ ձևով, սխալ տեղում, սխալ ժամանակ, և դա բերեց շատ բացասական հետևանքների»,-ասել է նա։

Օսկանյանը նշել է, որ, այն փոփոխությունները, որ առաջարկում է, նուրբ են, բայց ընկալելի՝ և′ միջազգային հանրության, և′ միջնորդների, և նույնիսկ հակառակորդի համար։

«Որոշակի շեշտադրումներ փոփոխելով՝ հնարավորություն կարող ենք ունենալ բանակցությունները դնել ավելի հայանպաստ հունի մեջ։ Պետք է բանակցությունների նարատիվը՝ փիլիսոփայությունը, մոտեցումը փոխել և ոչ թե պնդել, որ մենք ամեն գնով պետք է հասնենք խաղաղության պայմանագրի ստորագրման, այլ փորձենք այս փուլում Ադրբեջանի հետ որոնել այն հնարավոր ճանապարհները ու միջոցները, որը հնարավորություն կտա երկու ժողովուրդների միջև հասնել արդար ու կայուն խաղաղության։ Ընդլայնելով օրակարգը՝ պետք է մտցնել օրակարգ Արցախը սովետական շրջանում ինքնավար մարզ ունենալու փաստի հանգամանքը։ Սա մեզ համար նոր հնարավորություններ կստեղծի փոխել բանակցությունների տրամաբանությունը։ Այստեղ դժվար թե լուրջ դիմադրություն լինի, սրա դեմ հակափաստարկ չկա, քանի որ Ադրբեջանը հենց ինքը օրակարգ է բերել որոշ հարցեր, որոնք ժառանգություն են հենց սովետական շրջանի սովետական քարտեզների՝ անկլավների հարցը։ Եթե նա համարձակվում է անկլավների հարցը դնել, բայց այդ նույն քարտեզները, որ անկլավները ցույց են տալիս, այդ քարտեզները ցույց են տալիս նաև ԼՂ ինքնավար մարզը։ Եվ այստեղ ուղղակի հակափաստարկ չկա։ Բավական մանրամասն հիմնավորել եմ, թե ինչու Ադրբեջանը չի կարող դիմադրել այս մտքին․ միջազգային օրենքը հստակ է՝ նման դիմադրություն ցուցաբերելու դեպքում, մերժելու այս հարցը օրակարգ բերել, նա լուրջ խնդիրների առաջ կկանգնի՝ միջազգային օրենքների դրույթներից ելնելով։ Միջազգային օրենքը Արցախի արտաքին ինքնորոշման լուրջ հնարավորություն է բացում»,-ասել է նա։