27 ապրիլի 2009 - 22:17 AMT
Եթե որեւէ մեկն իրավունք ունի խոսելու նախապայմանների մասին, ապա դա Հայաստանն է, ոչ թե Թուրքիան
Այսօր կայացած մամլո ասուլիսում ՀՅԴ խմբակցությունից խորհրդարանի պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշել է Հայաստանի արտաքին քաղաքականության այն բոլոր հիմնական կետերը, որոնք անընդունելի են Դաշնակցության համար, եւ այն հակասությունները, որոնք արդեն անհնար է հաղթահարել:
«Մենք իրավունք չունենք մոռանալու, որ Թուրքիան երազում է Հայոց ցեղասպանության միջազգային դաշտից տեղափոխել Հայաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունների ոլորտ, հսկայական գումարներ ծախսելով լոբբինգի վրա, որն ուղղվում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ»,-հայտարարել է Ռուստամյանը: Նա նշել է, որ Դաշնակցությունն, այժմ արդեն որպես ընդդիմադիր ուժ, ուշադիր կհետեւի բոլոր գործընթացներին եւ թույլ չի տա Հայաստանի իշխանություններին որեւէ զիջումի գնալ Ցեղասպանության հարցում:
«Եթե ինչ-որ մեկն իրավունք ունի խոսել նախապայմանների մասին, ապա դա հայկական կողմն է: Թուրքիան իր դիվանագիտությամբ փորձում է նախապայմանները վերածել պայմանների եւ այս կամ այն միջոցով ներառել դրանք համաձայնագրի տեքստում,-հայտարարել է Ռուստամյանը եւ հավելել.-Ըստ միջազգային նորմերի, մենք իրավունք ունենք պահանջել թուրքական կողմից նախ բացել Հայաստանի հետ սահմանը, եւ հետո միայն ինչ-որ բանակցություններ սկսել»:
PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկելու կուսակցությունը կանխելու համար 20-րդ դարասկզբի պատմության հնարավոր կրկնությունից` Արմեն Ռուստամյանը խորհուրդ է տվել նրանց, ով մեղադրում է Դաշնակցությանն այս կամ այն սխալի համար, ավելի ուշադիր ուսումնասիրել պատմությունը: «Եթե նույնիսկ կան սխալներ, ապա պետք է հասկանալ դրանց պատճառներն ու սվորել դրանց վրա, հատկապես եթե այդ սխալները վերաբերում են ազգային հարցերին»,-ասել է նա: Պատասխանելով մեկ այլ հարցի աճող ռուս-թուրքական մերձեցման մասին, նա հայտարարել է, որ «պետք է ժամանակին կանխել Լենին-Աթաթուրքի պակտի նման պակտերի ձեւավորումը, քանի որ հետեւաքների վերացումը հետագայում արդեն ուշ կլինի»: