18 հուլիսի 2023 - 16:32 AMT
Բալասանյանի առանձնատան խուզարկությունից հետո նրան 3 մեղադրանք է առաջադրվել

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի առանձնատան խուզարկությունից հետո նրան միանգամից 3 մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ու թմրամիջոցներ պահելու համար: Այդ մասին հայտնել է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

Ըստ պաշտպանի՝ Բալասանյանը մեղադրյալ է նաև ամիսներ առաջ հարուցված մեկ այլ քրեական գործով․ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու համար։

64-ամյա Բալասանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

«Պրն. Բալասանյանն ունի ծանրակշիռ փաստարկներ իր անմեղությունը հիմնավորող հանգամանքների շուրջ», - ասել է փաստաբանը։

Դատարանը հուլիսի 17-ին մերժել է Վիտալի Բալասանյանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը։

Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 13-ի երեկոյան, նույն օրը իրավապահները ձերբակալել էին նաև նրա որդուն, եղբորը։ Նրանք ավելի վաղ էին ազատ արձակվել։

Արցախի դատախազությունն այս ձերբակալություններից հետո հաղորդագրություն էր տարածել, որում Բալասանյանի որդու անունն էր մատնանշվում։ Ըստ իրավապահների՝ նրան «տրամադրվել է 74 միլիոն 500 հազար դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային»։ Մինչդեռ Բալասանյանները վարկը ոչ նպատակային օգտագործելու կասկածանքը անհիմն են համարում։