18 հուլիսի 2023 - 17:34 AMT
Ռոբերտ Քոչարյանը և ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Ծանուցումները հրապարակվել են Аzdarar.am-ում։

Դատախազություն են հրավիրվել Քոչարյանը, նրա կինը, որդիներն ու հարսները, դուստրը՝ ամուսնու հետ։

«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին և Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են ամփոփագրեր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»,– ասվում է ծանուցագրերում։

Նրանք հրավիրվել են դատախազություն օգոստոսի 1-ին։

Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի կինը, երգչուհի Սիրուշոն, որին ևս հրավիրել են դատախազություն, ինստագրամյան իր էջում գրել է, որ արդեն 5 տարի է՝ փորձում են իր համար խնդիրներ ստեղծել, իր մասին բացասական կարծիք ձևավորել։

«5 տարի անընդմեջ փորձում են ինձ համար խնդիրներ հորինել, իմ մասին բացասական կարծիք ստեղծել, գործերիս խոչընդոտել. ու այս օրերին էլ նույնպես: Արդեն իմունիտետ ունեմ ու անտարբեր եմ: Գործը, որ արել եմ միշտ շարունակում եմ անել, ու կապը, որ ունեցել եմ հանդիսատեսի հետ միշտ, շարունակելու եմ ունենալ»,-ասվում է գրառման մեջ։

Հակակոռուպցիոն դատարանի 2023-ի հուլիսի 13-ի որոշմամբ, հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքերի նկատմամբ: Ըստ Դատախազության հաղորդագրության, ուսումնասիրության նախնական արդյունքներով ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման՝ 20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքերում. 2 տրանսպորտային միջոց, մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 18 իրավաբանական անձերում, ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր, շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ, շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել: