18 հուլիսի 2023 - 18:32 AMT
Եվրախորհրդարանի հանձնաժողովը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն Անկարային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին ասվում է Թուրքիայի վերաբերյալ հանձնաժողովի հաշվետվության մեջ, հայտնում է ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչությունը։

«Հանձնաժողովը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման ճանապարհ հարթելու համար»,- ասված է զեկույցում, հայտնում է Sputnik Արմենիան։

Փաստաթղթում Թուրքիային ուղղված ևս մեկ կոչ կա, այն է` ամբողջությամբ կատարել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները։

Նշվում է, որ հանձնաժողովն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ելնելով հաշտեցման, տարածաշրջանային կայունության և անվտանգության շահերից։

Հանձնաժողովը կոչ է արել շուտափույթ իրականացնել հատուկ ներկայացուցիչների պայմանավորվածությունները, ինչպիսիք են օդային տարածքի և երկու երկրների միջև սահմանի բացումը, և ողջունում է մինչ այժմ արձանագրված առաջընթացը` գոհունակությամբ նշելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։

Երևանն ու Անկարան 2021-ի դեկտեմբերին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։