18 հուլիսի 2023 - 18:47 AMT
Միրզոյանը` Ավստրիայում․ Երկխոսության փոխարեն Ադրբեջանը ԼՂ-ում վարում է էթնիկ զտումների քաղաքականություն

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ ստորագրել է Հայաստան-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագրի՝ Հայաստանի և Ավստրիայի միջև կիրարկման արձանագրությունը:

Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում Միրզոյանն, անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող զարգացումներին, ասել է, որ երկխոսության փոխարեն Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում վարում է էթնիկ զտումների քաղաքականություն։

Նա ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, խաղաղության հաստատման՝ Հայաստանի տեսլականը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ու արդյունքի հասնելուն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

«Մենք վստահ ենք, և ես կարծում եմ, որ այս հարցում Հայաստանը միայնակ չէ, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հնարավոր է միայն ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով պատշաճ հասցեագրումն ապահովելու պարագայում։ Այս համատեքստում, ցավալի է արձանագրել, որ այս պահին այդ երկխոսության փոխարեն Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղի՝ արդեն յոթ ամսից ավել շարունակվող շրջափակումը։ Լեռնային Ղարաբաղը կանգնած է մարդասիրական աղետի եզրին։ Դա տեղի է ունենում ի խախտումն միջազգային մարդասիրական նորմերի և ի հեճուկս միջազգային դերակատարների բազմաթիվ կոչերի, բանաձևերի և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն, ի դեպ, Դատարանը վերահաստատեց հուլիսի 6-ի իր որոշմամբ։

Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում առանցքային է միջպետական սահմանի հարցում առավելագույն որոշակիության ապահովման հարցը։ Այս համատեքստում պետք է ընդգծել, որ նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի ճանաչվել են որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահման»,-ասել է նա։

Միրզոյանը հավելել է, որ Հայաստանը շահագրգռված է նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում, որը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա և համաձայն հավասարության և փոխադարձության սկզբունքների։

«Իհարկե, վերոնշյալ հարցերի շուրջ լուծումների հասնելու նպատակով շատ կարևոր է ընդհանուր մթնոլորտը, ինչին կարող է նպաստել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, շարունակական թշնամանք սերմանելու, ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը, ինչպես նաև հրատապ մարդասիրական հարցերի լուծումը, մասնավորապես Ադրբեջանի կողմից բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելը։

Եզրափակելով նշեմ, որ վերոնշյալ հարցերում, և որպես առաջնային հրատապության հարց՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային դերակատարների, և հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների գործուն քայլերը»,-ասել է նա։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»:Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել։