27 ապրիլի 2009 - 22:59 AMT
Հայ-թուրքական հայտարարությունը Հայաստանի նորագույն պատմության ամենավիճահարույց փաստաթուղթն է
Հայ-թուրքական համատեղ մշուշոտ հայտարարությունը մեր պետականության նորագույն շրջանի (1991-2009թթ.) արտաքին քաղաքականության առ այսօր եղած ամենավիճահարույց փաստաթուղթն է: Խիստ խնդրահարույց է հայտարարության ստորագրման ամսաթիվը, միանգամայն անընդունելի է այն հասարակությանը ներկայացնելու ձեւը - մեծապես կասկածելի են ակնկալվող օգուտները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել «Մոդուս Վիվենդի» հասարակագիտական կենտրոնի ղեկավար, պատմաբան, դիվանագետ Արա Պապյանը: «Եթե թուրքերի կողմից պարբերաբար եւ հետեւողականորեն տարածվող տեղեկություն-նախապայմաննեից թեկուզ եւ մեկը ճիշտ լինի, ապա դա կլինի Հայաստանի Հանրապետության որպես ինքնուրույն քաղաքական միավորի, եթե ոչ վերջը, ապա վերջի սկիզբը»,-ասել է Արա Պապյանը: Ըստ նրա, այս աղմկհարույց գործընթացում խոսքը գնում է ոչ թե «հայ-թուրքական սահմանի բացման մասին», այլ Ախուրյան-Դողուկապի երկաթուղային - Մարգարա-Իգդիր ցամաքային սահմանային անցումնակետերի հնարավոր բացման մասին:

«Բանակցային գործընթացի նպատակն ակնհայտորեն ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է, այն է Թուրքիայի եւ մի շարք երկրների կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը, այլ ընդամենը երկու մասնավոր հարցի, որ է սահմանային երկու անցումնակետի հնարավոր բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, ուստի նման փաստաթուղթը պիտի ստորագրվի ոչ թե միջպետական կամ միջկառավարական, այլ միջգերատեսչական մակարդակով»,-ասել է Պապյանը` հավելելով, որ Միացյալ Նահանգներ - Թուրքիայի Հանրապետություն միջպետական հարաբերությունները հաստատվել են ոչ թե միջազգային պայմանագրով, քանի որ Սենատը դեմ էր Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների հաստատմանն առանց Վիլսոնի իրավարար վճռի իրականացման, այլ ԱՄՆ-ի պետքարտուղարություն Թուրքիայի Հանապետւթյան արտաքին գործերի նախարարություն միջգերատեսչական փաստաթղթով` 17 փետրվարի, 1927 թվակիր մոդուս վիվենդիով:

Եթե Թուրքիան հրաժարվի այդ մակարդակով - այդ ձեւով առաջ ընթանալուց, ապա դա ցույց կտա, որ թուրքերի նպատակը ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների թեկուզեւ մասնակի կարգավորումն է, այլ մեզ դիվանագիտական ծուղակի մեջ գցելով, առավելագույն օգուտներ քաղելն ու խորամանկորեն մեզանից իրենց ցանկալի նախապայմանների իրականացման կորզումն է: Այս երկու մանր հարցում էլ Միացյալ Նահանգները պարավոր են թիկունք կանգնել Հայաստանի Հանրապետությանը, քանի որ ՀՀ նախագահը, գոնե այս տարվա համար, ԱՄՆ-ի նախագահին պատրվակ տվեց չկատարելու իր ընտրողներին տված անսակարկ խոստումը: