Բադասյան․ Մարգարայի անցակետում ակտիվ աշխատանքներ են ընթանում

Բադասյան․ Մարգարայի անցակետում ակտիվ աշխատանքներ են ընթանում

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետում ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Այդ մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«ՀՀ կառավարության նիստերում մի շարք որոշումներ են ընդունվել Մարգարայի անցակետի կառուցման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին։ Տարբեր փուլերի համար տարբեր գումարներ են հատկացվում։ Այժմ անցակետում ակտիվ աշխատանքներ են ընթանում»,– նշել է նա, գրում է Sputnik Արմենիան։

ՊԵԿ նախագահը չի կարողացել կոնկրետ ժամկետ նշել, սակայն ասել է, որ շուտով կավարտվեն աշխատանքները։

Բադասյանն ասել է, որ ինքն իրավասու չէ պատասխանել այն հարցին, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը։

«ՊԵԿ–ի պարտականությունն է ապահովել սահմանային անցակետի պատշաճ պայմանները, ինչը այժմ իրականացնում են»,-ասել է նա։

2023 թվականի գարնանը Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տնօրինությանը։ Մայիսի վերջին կոմիտեն «Մարգարա» մաքսակետի կառուցման նպատակով նախագծանախահաշվային աշխատանքների նախապատրաստման վերաբերյալ պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։

Նախագծով նախատեսվում է կառուցել մեկհարկանի սպասարկման սրահ, երկու տաղավար բեռների ձևակերպման համար, երկու տաղավար հերթապահ հերթափոխի հանգստի համար, մաքսային զննման միահարկ մասնաշենք, ավտոկայանատեղիներ, հարթակներ, ներքին ճանապարհներ, երկու հսկիչ-անցագրային կետ և միահարկ պահեստ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---