27 ապրիլի 2009 - 23:07 AMT
Հրավերն ընդունելիս Թուրքիայի Ուշուի ֆեդերացիան գիտեր, որ մրցաշարը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի Ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը մեկնաբանել է Թուրքիայի հավաքականի հրաժարվելը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մրցաշարին մասնակցելուց: Նրա խոսքերով, պաշտոնական վարկածով թուրք գործընկերները հրաժարվել են այն պատճառով, որ Երեւանի մրցաշարը համընկնում էր Թուրքիայում ուշուի առաջնության մեկնարկին:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի հավաքականին, ապա ես, ի հեճուկս ադրբեջանական մամուլի հայտարարություններին, վստահությամբ հայտարարում եմ, որ մենք Թուրքիայի Ուշուի ֆեդերացիային հրավեր ենք ուղարկել մրցաշարի լրիվ անվանումով, այսինքն Թուրքիայի ֆեդերացիան տեղյակ էր, որ Երեւանի մրցաշարը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, եւ ընդունել էր հրավերը, բայց հետո հրաժարվեց` պատճառաբանելով իրենց հանկարծակի սկսված ուշուի մրցաշարով»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդում է Տիգրան Չոբանյանը: