ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ․ ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքներ են պետք

ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ․ ԼՂ  հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքներ են պետք

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Հայաստանի կողմից հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով․ հումանիտար ճգնաժամը խորանում է։

Նա նշել է նաև, որ ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքներ են պետք, հայտնում է 1lurer.am-ը։

«Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն Լաչինի միջանցքի ապաշրջափակման, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի վերսկսման, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարումը վերականգնելու համար։ Կարծում ենք նաև, որ այս պայմաններում մեծանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուտափույթ փոխհամաձայնեցման կարևորությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Հիմք ենք ընդունում այն, որ սույն համաձայնագրի անբաժան մաս պետք է դառնան Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների անշեղ կատարումը, ներառյալ՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը»,- ասել է Լուկաշևիչը,

Նա վերահաստատել է ռուսական կողմի տրամադրվածությունը՝ ակտիվորեն նպաստելու Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեության վերականգնմանը և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առաջխաղացմանը։

«Պատրաստ ենք մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու համար բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին կհաջորդի Մոսկվայում կայանալիք եռակողմ գագաթնաժողով՝ հիշյալ փաստաթղթի ստորագրման նպատակով»,- եզրափակել է դիվանագետը։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---