Ստեփանակերտը՝ սանիտարական ճգնաժամի շեմին․ Աղբահանության համար վառելիք չկա

Ստեփանակերտը՝ սանիտարական ճգնաժամի շեմին․ Աղբահանության համար վառելիք չկա

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի շեմին է: Այդ մասին հայտնել են Ստեփանակերտի քաղաքապետարանից։

«Սանմաքրում» համայնքային ընկերությունն անում է հնարավորը քաղաքի՝ մաքուր քաղաքի համբավը պահպանելու համար, բայց վառելիքի պաշարների օրեցօր նվազումը լրջագույն խնդիրներ է առաջացնում ոլորտում, հաճախ՝ անհաղթահարելի:

«Եթե իրավիճակի փոփոխություն չլինի, ապա առաջիկայում հնարավոր չի լինելու կազմակերպել աղբահանման բնականոն գործընթացը»,-նշել են քաղաքապետարանից։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---