Արցախի ԱԺ-ն դիմել է ՀՀ–ին և ՄԱԿ–ին․ Խաղաղապահներին օժտել միջազգային մանդատով

Արցախի ԱԺ-ն դիմել է ՀՀ–ին և ՄԱԿ–ին․ Խաղաղապահներին օժտել միջազգային մանդատով

PanARMENIAN.Net - Արցախի ազգային ժողովը կոչով դիմել է ՀՀ–ին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներին՝ կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել ԱՀ-ում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար։

Նշվում է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը օժտված չէ միջազգային մանդատով․ հանգամանք, որը կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտումների, տարածաշրջանի անվտանգության և կայունության շարունակական վտանգման համար։

«Արցախի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը, կոչ է անում.

Հայաստանի Հանրապետությանը՝

անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ։

Միջազգային հանրությանը՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրների՝

Հավատարիմ լինելով ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին գլխում սահմանված նպատակներին ու սկզբունքներին և առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխում սահմանված կարգով՝ ընդունել իմպերատիվ բնույթի որոշում (բանաձև)՝ ձեռնարկելով և սահմանելով Արցախում խաղաղություն պարտադրելու գործուն միջոցներ:

Արցախի Հանրապետությունը հանձնառու է փրկելու իր ժողովրդին պատերազմի արհավիրքից, վերահաստատելու հավատը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև մեծ ու փոքր ազգերի հավասար իրավունքների նկատմամբ, ուստի այդ կառույցներից ակնկալում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն միջազգային իրավունքի նորմերից բխող պարտավորությունների հանդեպ հարգանքը, ազատության պայմաններում խթանել Արցախի ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովումը»,-ասվում է հայտարարության մեջ։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---