Արցախի Մարտունիում հաց են թխում, բայց առանց աղ․ Սպառվել է

Արցախի Մարտունիում հաց են թխում, բայց առանց աղ․ Սպառվել է

PanARMENIAN.Net - Արցախի Մարտունի քաղաքում փռերն արդեն առանց աղ են հաց թխում․ աղ չկա։ 68-ամյա տիկին Աննան Մարտունիում երեք տարի առաջ է հաստատվել, բայց հասցրել է ճանաչել տան հարևանությամբ գործող փռի տիրոջը։ Ասում է՝ եթե Ստեփանակերտում հնարավոր լիներ աղ գտնել, կբերեր, ուրեմն էնտեղ էլ չկա:

Մարտունիում երեք փուռ կա, բոլորը, թեկուզ առանց աղ, բայց հաց թխում են՝ դեռ, հայտնում է «Փաստինֆոն»։

Պատերազմի հետևանքով Թաղավարդում սեփական տունը կորցնելուց հետո, տիկին Աննան ամուսնու՝ Արարատ Հարությունյանի հետ Մարտունիում է վերաբնակվել։ Վարձակալած մեկ սենյականոց տնից չի դժգոհում՝ հատկապես, որ փոքրիկ հողակտոր ունի, որտեղ ամեն ինչից քիչ-քիչ ցանել է։

«Շատ ժամանակ ու եռանդ եմ դրել այս հողի վրա․ ինտերնետից փորփրել եմ, թե ինչ անեմ, ոնց մշակեմ, որ լավ բերք տա ու, փառք Աստծո, գոհ եմ թե՛ լոլիկի, թե՛ վարունգի, թե՛ կարտոֆիլի բերքից։ Այս փոքր հողակտորից ստացած բերքով և՛ մենք ենք ապրում, և՛ աղջկաս ու տղայիս ընտանիքները»,-պատմել է տիկին Աննան։

Մարտունու խանութներում գրեթե ապրանք չի մնացել՝ հատկապես առաջին անհրաժեշտության․ խանութպաններն արխիվից հանել են այն հագուստները, որոնք «մոդայից դուրս են եկել» վաղուց։ Հատկապես լուրջ խնդիր է նորածնի հագուստ գտնելը։

«Որ երեխա է ծնվում, հագուստ, խնամքի պարագաներ են նվիրում, բայց դե դա միանգամյա է լինում, էդ երեխան մեծանում է, չէ՞, պարբերաբար կարիք է լինում նորն առնելու։ Փոքր երեխա ունեցող, բազմանդամ ընտանիքների համար շատ դժվար է… երեխաները շատ կարիքներ ունեն, որոնք բավարարել չի ստացվում»,-ասել է նա։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---