27 ապրիլի 2009 - 23:51 AMT
Հայ թենիսիստները ժամանել են Կոտ-դ'Իվուար Դեւիսի գավաթին առանց Տիգրան Մարտիրոսյանի
Հայաստանի թենիսի հավաքականը այսօր գիշերը ժամանել է Կոտ-դ'Իվուար, որտեղ Աբիջանում ապրիլի 29-ից մայիսի 3-ը կմասնակցի Դեւիսի գավաթի եվրոաֆրիկյան գոտու 4-րդ խմբի խաղերին:

Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի Թենիսի ֆեդերացիան, հավաքականի կազմում ավելի վաղ հայտարարված Տիգրան Մարտիրոսյանը, որը բնակվում է ԱՄՆ-ում, չի օգնելու Հայաստանի հավաքականին Դեւիսի գավաթի խաղերում:

Այսպիսով, Դեւիսի գավաթին Հայաստանի հավաքականը թիմի ավագ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ կներկայացնեն Հարություն Սոֆյանը, Հենրիխ Նիկողոսյանը եւ Աշոտ Գեւորգյանը: Մարտիրոսյանի բացակայությամբ առաջինը ելույթ կունենա Հայաստանի առաջին թենիսիստ Հարություն Սոֆյանը:
4-րդ խմբում Հայաստանի մրցակիցներն են լինելու Կոտ-դ'Իվուարի, Գանայի, Զիմբաբվեի եւ Կամերունի թիմերը: Խաղերը տեղի կունենան հայտնի աֆրիկացի թենիսիտ Արթուր Էշի անվան միջազգային թենիսի կենտրոնի խաղադաշտերում:

Հայկական թիմի առաջին մրցակիցը լինելու է Կամերունի հավաքականը: