28 ապրիլի 2009 - 00:00 AMT
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն աջակցում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն աջակցում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ կարգավորման հարցում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» (ԲՀ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը : Վերջինս նշել է, որ Երեւանն ու Անկարան ոչ թե պայմանագիր, այլ համաձայնագիր եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացն առաջ տանելու մտադրություն են ստորագրել: «Սկսած 1991 թվականից, Թուրքիան բանակցային գործընթացի առջեւ դրել է երեք նախապայման` Հայաստանի իշխանությունները պետք է հրաժարվեին Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, միակողմ զիջումներ կատարեին ղարաբաղյան հարցում եւ ճանաչեին Կարսի պայմանագիրը: Հայաստանի ներկա իշխանություններն այդ զիջումներից եւ ոչ մեկը չեն կատարի», - հայտարարել է նա:

Արամ Սաֆարյանը նաեւ ընդգծել է, որ ԲՀ-ը հատուկ ուշադրությամբ իրավասու վերլուծական կենտրոնների հետ միասին արդեն մեկ տարի է անցկացնում է թուրքական ԶԼՄ-ների մոնիտորինգ եւ տեղյակ է թուրքական հասարակությունում տարածված բոլոր կարծիքներին եւ տեղեկություններին:

«Սակայն հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը Հայաստանի իշխանությունների առջեւ լուրջ խնդիրներ եւ մարտահրավերներ կծառացնի: Եվ ես վստահ եմ, որ անհրաժեշտ է լուրջ բարեփոխումներ սկսել ազգային անվտանգության, ներքին գործերի, պաշտպանության, սահմանապահ զորքերի, մաքսային եւ հարկային ծառայությունների, դատաիրավական համակարգի ոլորտներում, որպեսզի լիովին նախապատրաստվենք երկիր թուրք քաղաքացիների զանգվածային հոսքին սահմանի բացումից հետո», - ընդգծել է ԲՀ-ի քարտուղարը: